Թուրք-քրդական բախումների հետևանքով վնասված հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին կվերականգնվի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

.

Թուրքիայի իշխանությունները ծրագրում են վերականգնել Դիարբեքիր նահանգի Սուր շրջանում գտնվող Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին: Վերջինիս վնասվել էր տեղանքում  4 տարի ընթացած  թուրք-քրդական բախումների հետևանքով։ Այս մասին տեղեկացնում է Էրմենիհաբերը:

Ըստ աղբյուրի  տվյալների՝ Սուրում տեղի ունեցած բախումների հետևանքով վնասվել էին նաև մի շարք այլ պատմական կառույցներ, որոնցից մի քանիսն արդեն վերականգնվել են։ Դրանց շարքում է նաև Դիարբեքիրի հայկական բողոքական (այլ տվյալներով՝ կաթոլիկ) եկեղեցին։ Իսկ հայկական Սուրբ Կիրակոսի և քաղդեական Մար Պետյուն եկեղեցիների վերանորոգումը հնարավոր չի եղել՝ անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով:

Այդ նպատակով տեղի համայնքային հիմնադրմանների ղեկավարության դիմումով, Թուրքիայի  շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարարությունը որոշում է կայացրել ֆինանսավորել 2 եկեղեցիների վերակառուցումը:

Սուր շրջանի ղեկավար Աբդուլլահ Չիֆթչին հայտնել է, որ հայկական եկեղեցու վերանորոգման աշխատանքներն արդեն կմեկնարկեն գալիք ամիս։  

Հիշեցնենք, որ 1376 թվականին կառուցված այս եկեղեցին համարվում է Մերձավոր Արեւելքի ամենամեծ եկեղեցիներից մեկը: Եկեղեցին վերանորոգվել է Ստամբուլում ապրող, բայց արմատներով դիարբեքիրցիհայերի ստեղծած «Սուրբ Կիրակոս հիմնադրամ»-ի միջոցներով (70%) և Դիարբեքիրի քաղաքապետարանի ֆինանսական աջակցությամբ (30%): Սուրբ Կիրակոս եկեղեցին գրեթե 100-ամյա լքվածությունից հետո վերաբացվել էր 2012թ. նոյեմբերի 3-ին, ինչից հետո այն դարձել էր տեղի հայերին միավորող կարևորագույն կենտրոն: