Ռումբի կեղծ ահազանգերի երևույթը հասկանալը բավականին հեշտ է․ Վրթանեսյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

հասարակական

Ամբողջ աշխարհում վերջերս ռումբի կեղծ ահազանգերի երևույթը բավականին տարածված է, հիմնականում դա ինչ-որ ջահելներ են անում։ Այս մասին 24News-ին ասաց «Ռազմինֆո» ռազմական-վերլուծական կայքի համակարգող, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով վերջերս Հայաստանում ռումբի կեղծ ահազանգերի հաճախակիացման հարցին։

Կարեն Վրթանեսյանի խոսքերով՝ դեպքեր են եղել, որ կեղծ ահազանգողները բռնվել են, օրինակ՝ Միացյալ Նահանգներում․ «Մի քանի տարի է՝ Ուկրաինայում ու Ռուսաստանում են լինում կեղծ ահազանգերի դեպքեր՝ մեծ մասշտաբներով ու մեծ վնասներ պատճառելով։ «Տելեգրամ»-ում կան փակ ալիքներ, որտեղ հավաքվում են ինչ-որ ջահելներ ու զանգում Ռուսաստան։ Օրինակ կան դեպքեր, երբ իրենց իսկ երկրում կոպեկների դիմաց կեղծ ահազանգում էին դպրոց, տարհանում էր իրականացվում ու քննությունները հետաձգվում էին»։ 

«Բացարձակապես չեմ զարմանա, եթե պարզվի, որ ինչ-որ ադրբեջանցիներ, այդպիսի խմբեր մտնելով, աշխատանք են տանում Հայաստանի դեմ, Հայաստանում խուճապ տարածելու, տնտեսական վնաս պատճառելու համար նման քայլերի են դիմում։ Իհարկե դժվար կլինի նման անձանց գտնելը, առավելևս պատժելը։ Բայց եթե հետախուզությունը նորմալ աշխատի, եթե նաև դիմեն միջազգային գործընկերներին, փորձեն ինչ-որ տվյալներ ստանալ, համաչափ հակազդեցության միջոցով գուցե դա հնարավոր է զսպել», - հավելեց «Ռազմինֆո» կայքի համակարգողը։ 

Ըստ Վրթանեսյանի՝ Հայաստանի իշխանությունները կարող են գործել, ինչ-որ բաներ անել։ «Բայց ես չեմ կարծում, որ նման աշխատանք տարվում է։ Ըստ էության, ժողովրդին որևէ բացատրություն չի տրվել այս երևույթի մասին, որևէ հասկանալի բան, Իսկ հասկանալը բավականին հեշտ է։ Հարկավոր է 1-2 օր այդ հարցը հետազոտել, փորձել հասկանալ՝ ինչ կարող է լինել, ու մարդկանց տեղեկացնել», - եզրափակեց նա։

Սերգեյ Առաքելյան

--00--ՏՏ