Խանումյանն արցախցիներին հայտնել է, որ օգնություն կստանան, եթե Ադրբեջանին թողնվող տները չայրեն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

Արսեն Բաբայան Սորոս փաստաբաններ

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը տելեգրամյան ալիքում գրել է․

«Մամուլից հայտնի դարձավ, որ Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Բերձոր, Աղավնո և այլ համայնքներում հանդիպել է բնակչությանն ու հորդորել, որ մինչև սահմանված ժամկետի ավարտը նրանք լքեն իրենց բնակավայրերը, քանի որ դրանք հանձնվելու են Ադրբեջանական Հանրապետությանը։ Նույն տեղեկության համաձայն՝ նախարար Խանումյանը բնակչությանը հայտնել է նաև, որ պետական միջոցների հաշվին նրանց տրամադրվելու է ֆինանսական օգնություն, սակայն
պայմանով, որ վերջիններս իրենց բնակավայրերը լքելուց չեն այրի կամ վնասի Ադրբեջանի Հանրապետությանը թողնվող տները և շինությունները։

Այս առնչությամբ 10-ն օր առաջ Խանումյանին պաշտոնական հարցում եմ ուղարկել առաջադրելով՝ հետևյալ հարցերը.

1) արդյո՞ք ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարար Հայկ Խանումյանը Արցախի Հանրապետության Աղավնո, Բերձոր և այլ
համայնքներում հանդիպել է բնակչությանը, որի ընթացքում նրանց հորդորել է
սահմանված ժամկետում լքել իրենց բնակավայրերը,

2) արդյո՞ք այդ հանդիպման ընթացքում նախարար Հայկ Խանումյանը
բնակչությանը հայտնել է, որ այլ տարբերակ նրանք չունեն և թշնամու կողմից
ֆիզիկապես չոչնչանալու համար պետք է լքեն իրենց բնակավայրերը,

3) արդյո՞ք լքվող համայնքների բնակիչներին նախարար Խանումյանը
հայտնել է, որ պետական միջոցների հաշվին նրանց տրամադրվելու է աջակցություն,
օգնություն կամ որևէ այլ հատուցում։ Եթե այո, ապա դրանք ինչ հատուցումներ կամ
աջակցություններ են,

4) արդյո՞ք նախարար Խանումյանը հայտնել է բնակչությանը, որ սույն
հարցման 3-րդ կետում նշված հատկացումները կարող են տրամադրվել այն պայմանով,
որ բնակավայրերը լքող բնակիչները չեն ոչնչացնի, այրի կամ վնասի թողնվող տները,
շենքերը և այլ գույք։ Եթե այո, ապա խնդրում ենք հայտնել, թե ինչ իրավական հիմքով
կամ ում կողմից է այդպիսի պահանջ սահմանվել։

Նախարար Հայկ Խանումյանը, խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» Արցախի Հանրապետության օրենքը, մինչ օրս չի պատասխանել հարցմանը»։

--00--ԱՀ