Ծառուկյանի խաղատան համար պետբյուջեից 4.2 մլրդ դրամի փոխարեն 5.6 մլրդ դրամ է վճարվել․ hetq.am

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

63

Պետական բյուջեից ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող խաղատան՝ «Շանգրի լա»-ի (շահագործող՝ «Օնիրա Քլաբ» ՍՊԸ) փոխարեն վճարվել է ոչ թե 4.2 մլրդ դրամ, ինչպես նախապես հայտարարվել էր, այլ՝ 5.6  մլրդ դրամ։ Այս մասին «Հետք»-ը տեղեկացել է Ֆինանսների նախարարությունից և որոշման փաստաթղթերից․ գրում է hetq.am-ը։

«Կառավարության 2022 թվականի հուլիսի 7-ի թիվ 1052-Ն որոշման համաձայն՝ «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ փոխարեն վճարվել է 5 570 812 500 (հինգ միլիարդ հինգ հարյուր յոթանասուն միլիոն ութ հարյուր տասներկու հազար հինգ հարյուր) դրամ գումարի չափով պետական տուրք՝ 2020թ․ երրորդ եռամսյակի համար, 2020թ․ չորրորդ եռամսյակի համար և 2022թ․ երրորդ եռամսյակի համար, ինչպես նաև դրանց վճարումն ուշացնելու համար հաշվարկված տույժերի գումարները»,- մեր հարցմանն ի պատասխան նշել են նախարարությունից:

2020 թվականին, կորոնավիրուսի համավարակի տարածման պայմաններում, խաղատունը չի գործել։ Բայց, միևնույն ժամանակ, Պետական եկամուտների կոմիտեն պահանջել է, որ «Օնիրա Քլաբ»-ը շարունակի պետական տուրք վճարել, քանի որ խաղատան լիցենզիան շարունակել է գործող մնալ։ Խաղատունը կազմակերպող «Օնիրա Քլաբ»-ը հրաժարվել է վճարել, դատական քաշքշուկների մեջ է հայտնվել ՊԵԿ-ի ու Ֆինանսների նախարարության դեմ։ 

Ամեն ինչ հանգուցալուծվեց, երբ Կառավարությունը որոշեց հարկատուների հաշվին փակել «Օնիրա Քլաբ»-ի պարտքերը։ Թե՛ Կառավարության ներկայացրած նախագծում, թե՛ գործադիրի հուլիսի 7-ի նիստի քննարկումների ժամանակ հայտարարվեց, որ 2022 թվականի պետական բյուջեից 4.2 մլրդ դրամ կհատկացվի «Շանգրի լա» խաղատան լիցենզիայի պետական տուրքը մարելու համար։ Սակայն, ինչպես երևում է, Կառավարության հաշվարկները փոխվել են, այդ թիվը դարձել է 5.6 մլրդ դրամ, որի մեջ ներառվել են նաև վճարումն ուշացնելու համար հաշվարկված տույժերը։

Հուլիսի 7-ի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Կառավարությունը պայմանավորվել է «Օնիրա քլաբ»-ի հետ. խաղատունը կգործի 2022 թվականի հոկտեմբերի 1-ից և արդեն չորրորդ եռամսյակի համար պետական տուրք կվճարի։

Իսկ մինչ այդ, ընկերությունը դիմել է Ֆինանսների նախարարությանը և խնդրել խաղատան կազմակերպման լիցենզիայի գործողությունը կասեցնել մինչև 2022 թվականի հոկտեմբերի 1-ը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

--00—ԻԴ