Ավելի գեղեցիկ երևալու համար Էրդողանը Սուրմալուի հետ կապված ցավ հայտնեց. Էստուկյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

հասարակական

Ադրբեջանը Լաչինի միջանցքի հարցով շտապում է, որ պատերազմում իր հաղթանակի արդյունքները քաղի։ Այս մասին 24News-ին ասաց պոլսահայ լրագրող, Թուրքիայում տպագրվող «Ակոս» պարբերականի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը։

Ադրբեջանական կողմը մի քանի շաբաթ առաջ ռուս խաղաղապահների միջոցով Արցախի ղեկավարությանը տեղեկացրել էր, որպեսզի հայկական բնակչությունը մինչեւ օգոստոսի 25-ը հեռանա Բերձոր քաղաքից, Սուս և Աղավնո գյուղերից՝ Հայաստանն Արցախին կապող այլընտրանքային ճանապարհի հնարավորինս շուտ գործարկման համար։

«Գիտենք, որ 2020-ի նոյեմբերի 10-ի (9-ի) համաձայնագրի որոշ կետեր անհստակ են թողնված։ Այդ անհստակության վրա Ադրբեջանը նոր տարածքներ ձեռք բերեց։ Գիտենք, որ դրա վրա Ադրբեջանը նոր գյուղեր գրավեց, հետեւաբար դրա հետ է խնդիրն առնչվում։ Այս պահին պետք չէ, որ սիրողական դիրքի վրա լինենք, ընդհակառակը, թե՛ ռազմական դիմադրությամբ, թե՛ համաշխարհային կարծիքը զգուշացնելով, զգոն դարձնելով՝ դիմադրենք։ Այսինքն՝ պետք է նաեւ պատրաստ լինենք ռազմական դիմադրության։ Պարտվել ենք, հասկացանք, նոյեմբերյան համաձայնագիրն էլ կնքվեց, հիմա այդ համաձայնագրի հաշվին, հասկանալի է, Ադրբեջանը պետք է առիթից օգտվի։ Ադրբեջանն իր կողքին ունի Թուրքիայի պես դաշնակից», - ընդգծեց Էստուկյանը։ 

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում թուրքական կողմի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ցավակցություն էր հայտնել «Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթյունի առթիվ։ 

Անդրադառնալով Քըլըչի ցավակցությանը՝ Բագրատ Էստուկյանն ասաց, որ դա շատ բնական երեւույթ էր. «Պետք էր դիվանագիտական այդպիսի ժեստ Թուրքիայի կողմից։ Հայաստանի հետ երկխոսության միակ անձը լինելով՝ ճիշտ էր, որ Սերդար Քըլըչը հայտներ ցավակցությունը։ Ավելի գեղեցիկ լինելու համար նախագահ Էրդողանը պետք է ձայն բարձրացներ ու ցավ հայտներ այս դեպքով, ի վերջո Հայաստանում 2-օրյա սուգ հռչակվեց»։

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին՝ «Ակոս»-ի խմբագիրն ասաց, որ Թուրքիան պատրաստ չէ Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելուն։ «Ձգձգումն այլ ձեւով բացատրել կարելի չէ։ Միշտ օրակարգ բերելով Զանգեզուրի միջանցքը՝ մենք տեսնում ենք, որ Թուրքիան երբեք անկեղծ չէ, ձգտում է Հայաստանի վրա ճնշում բանեցնել։ Ուստի Հայաստանն այպես պետք է վարվի փոխադարձաբար», - եզրափակեց Բագրատ Էստուկյանը։

--00--ՏՏ