Մենք օրենք և դիսցիպլինա չսիրող ազգ ենք, պետք է դուրս գանք կոմֆորտ զոնայից. Վահան Քերոբյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

Լաստանավի ձեռք բերման գործընթացը շարունակվում է, ամենօրյա շփումների մեջ ենք վրացի, Փոթիի նավահանգստի գործընկերների հետ, վերջին դետալներն են ճշտվում։ Հույս ունենք՝ հարցը կլուծվի, և մենք վերջապես կաշխատացնենք լաստանավը: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նրա խոսքով՝ լաստանավի մասին խոսելիս պետք է հասկանալ, որ խնդիրը վաղուց կա։ «30 տարի է, որ Վերին Լարսի այլընտրանքային բեռնափոխադրման ճանապարհ չունենք։ Եթե հեշտ գործընթաց լիներ, ավելի վաղ կիրականացվեր»,- ասել է  Քերոբյանը: 

Ըստ նախարարի՝ լաստանավի առավելությունն այն է, որ կունենանք կայուն լաստանավային և երկաթգծային հաղոդակցություն Հայաստան և Եվրասիական երկաթուղային համակարգի միջև, որը թույլ կտա զարգացնել ծանր արդյունաբերությունը:

Անդրադառնալով «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունին՝ նախարարը նշեց, որ գործ ունենք քաղաքակրթային խնդրի հետ, օրենք և կարգապահություն չսիրող ազգ ենք, դա արտահայտվում է ամեն հարցում՝ կարմիր լույսի տակ անցնել, ամրագոտի չկապել, և այլն. «Որպես ազգ պետք է դուրս գանք մեր կոմֆորտ զոնայից, պետք է օրենքները հարգենք, դիսցիպլինային ուշադրություն դարձնենք»:

Մանրամասները՝ տեսանյութում։