Պարզվել է Էջմիածնում կրակոցների հետևանքով մահացածի և վիրավորի ինքնությունը. նրանք հասակակիցներ են

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

6

Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի ծառայողների ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է երեկ՝ օգոստոսի 18-ին, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնում մահացած և վիրավոր քաղաքացիների ինքնությունը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ հիվանդանոց է ընդունվել Վաղարշապատ քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Արամ Միքայելյանը, ով ունեցել է «կրծքավանդակի առաջնային պատի հրազենային վիրավորում, աբոնալ վիճակ» ախտորոշում, և Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Արթուր Առաքելյանը, ով ունեցել է «աջից անոթային գծով կույր գնդակային վիրավորում, լյարդի, աջ երիկամի, բարակ աղիների վնասում, տրավմատիկ շոկ ծանր աստիճանի» ախտորոշում։ 

Կարճ ժամանակ անց Ա. Միքայելյանը, գիտակցության չգալով, մահացել է։

Պարզվել է նաև, որ նույն օրը, ժամը 21։30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Աբովյան և Թումանյան փողոցների խաչմերուկում անհայտ անձը ​ինքնաձիգից կրակոցներ է արձակել Ա. Միքայելյանի կողմից վարած Mercedes G500 մակնիշի 10 QC 777 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով Ա. Միքայելյանն ու նրա ուղևոր Ա. Առաքելյանը ստացել են հրազենային վնասվածքներ, իսկ կրակողը դեպքի վայրից դիմել է փախուստի։ 

Արդեն վիրավոր Ա. Միքայելյանը ավտոմեքենան վարել է դեպի «Վաղարշապատ» ԲԿ-ի ուղղությամբ, սակայն Գնունյանց փողոցի 14 հասցեի դիմաց բախվել է Ford, Mercedes, BMW, VAZ 2106 մակնիշի ավտոմեքենաներին, ինչի հետևանքով BMW-ի վարորդ՝ Արմավիրի մարզի բնակիչ, 21-ամյա Հրաչյա Գրիգորյանը «պարանոցի հյուսվածքների, մկանների գերձգում, գլխուղեղի ցնցում հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել «Աշտարակ ԲԿ։ 

Վթարի վայրում հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ, իսկ կրակոցների վայրում՝ 1 հատ ինքնաձիգից կրակված պարկուճ։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անհայտ անձի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործի հրազենը հայնաբերելու ուղղությամբ։ 

--00—ԻԴ