Առաջիկայում կորոնավարակի մեծ ալիք կարող է սկսվել. օրական դեպքերը հիմա հասնում է 400-ի. ԱՆ փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

ՀՀ-ում վերջին շաբաթների ընթացում տեսնում ենք կորոնավարակի կրկնակի աճ։ Եթե հունիս ամսվա ընթացքում շաբաթական ցածր թվեր էին գրանցվում՝ օրական տասը դեպք, ապա այսօր 400 դեպք է գրանցվում: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը:

Փոխնախարարի խոսքով՝ նախկին ալիքների հետ համեմատ հիմա վարակի թվերը ցածր են, բայց, հաշվի առնելով անցյալ տարիների ալիքը, կարող ենք ենթադրել, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ավելի մեծաքանակ դեպքեր կարող են լինել:

Անդրադառնալով պատվաստումներին՝ Լենա Նանուշյանը նշեց, որ պատվաստված անձանց շրջանում կորոնայով վարակման ժամանակ ծանր և ծայրահեղ ծանր դեպքեր չեն գրանցվել, պատվաստումն օգնում է ավելի քիչ մահվան դեպքեր ունենալ.

«Ցավոք, շաբաթական մինչև 5–6 մահվան դեպք է լինում, մահվան և ծայրահեղ ծանր դեպքերից խուսափելու համար կոչ ենք անում պատվաստվել: Շատերը մտածում են, թե կովիդը նահանջել է, այլևս դեպքեր չկան, վստահեցնում եմ, որ այժմ հիվանդանոցում միջինում 140 անձ կորոնավիրուսի դեմ բուժում է ստանում, ունենք ծայրահեղ ծանր իրավիճակում գտնվող մարդիկ և մահեր»:

--00--ԱՀ