Ադրբեջանցին ներկայացել էր որպես եվրոպացի լրագրող, երբ այցելել էր Աղավնո. Արշակ Զաքարյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

0c9b4f75-8829-4b4a-a8f1-ae0f4fcc20d7.jpg

Ադրբեջանցին ներկայացել էր որպես եվրոպացի լրագրող, երբ այցելել էր Աղավնո։ Այս մասին 24News-ին ասաց հասարակական գործիչ Արշակ Զաքարյանը։ Օգոստոսի 17-ին ադրբեջանական «Haqqin.az» լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Էյնուլա Ֆաթուլաևը ռուս սահմանապահների ուղեկցությամբ այցելել էր Արցախի Բերձոր քաղաք, Աղավնո գյուղ, ներկայացել միջազգային կազմակերպության ներկայացուցիչ ու զրուցել Աղավնոյի գյուղապետի, այնտեղ ժամանած հայաստանցիների հետ։ Տարածված տեսանյութում Ֆաթուլաևը զրուցում է նաեւ Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանի, հասարակական գործիչ Արշակ Զաքարյանի հետ։ 

Արշակ Զաքարյանն ասաց, որ իմանալով՝ օտարերկրացի լրագրող է եկել, մտել է Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանի մոտ։ 

«Ես գնացել էի Աղավնո՝ իմ ընկերոջ՝ Անդրանիկ Չավուշյանի մոտ։ Ռուս խաղաղապահներն են ուղեկցել ադրբեջանցուն, իրենք ասացին, որ եվրոպացի լրագրող է։ Ես չեմ իմացել, որ ադրբեջանցի է, հետո եմ իմացել։ Որտեղի՞ց իմանայի, որ Ադրբեջանից է, մեզ ասել են, որ բրիտանացի է, նա էլ էր ինչ-որ բրիտանական լրատվամիջոցից ներկայացել։ Փաստաթուղթ է, չէ՞, ցույց տվել, չէր կարող առանց ցույց տալու մտնել Աղավնո։ Ես կարո՞ղ եմ անարգել Շուշի գնալ, ինձ չեն թողի, չէ՞», - նշեց Զաքարյանը։

Ըստ նրա՝ Ֆաթուլաևն Աղավնոյում մնացել է մոտ 10-15 րոպե, իսկ իրենց հետ զրուցել 7-8 րոպե։  «Ճանապարհին էլ, կարծես թե, «Հետք»-ի լրագրողի հետ էր խոսել։ Մենք իրեն դեմքով չգիտեինք, մարդիկ կան, ուզում են Անդրանիկի անունը սեւացնել, թե իբր իր մոտ ընդունել է ադրբեջանցի լրագրողի։ Բայց մենք չենք իմացել, որ թուրք է։ Քանի որ ներկաներից ոչ ոք անգլերեն չգիտեր, և ես գիտեի, ես էի թարգմանում, որ հանկարծ Անդրանիկի ասածները սխալ չներկայացներ։ Հետո տեսա, որ մեր խոսքերը կտրել-հանել է հրապարակված տեսանյութից։ Կարծելով, որ եվրոպացի լրագրող է՝ անպատվել ենք ադրբեջանցիներին, ասել ենք՝ «ցեղասպան են», «մարդասպան են»։ Ասել ենք, որ մենք բնիկ են Արցախում, նշել ենք, որ այստեղ 4-րդ դարի եկեղեցի կա։ Դուք էլ լավ գիտեք, թե ոնց են անում ադրբեջանցիները, խոսքի ձայնը իջեցնում են, ու սխալ հրապարակում թարգմանությունը», - շարունակեց Արշակ Զաքարյանը։ 

Նա ասաց, ու Աղավնոյում էր բնակչությանը օգնելու, իսկ ադրբեջանցի լրագրողը, ըստ նրա, գյուղ էր եկել բնակչությանը սադրելու, ծաղրելու համար։

Հիշեցնենք, որ «Haqqin.az» լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Էյնուլա Ֆաթուլաևի կատարած այցելության թեմայով հայտարարություն էր տարածել Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի գրասենյակը։ 

Արցախի ԱԽ-ի հայտարարության մեջ նշվում էր, որ Անվտանգության խորհրդի քարտուղարը դիմել է «Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարին և պահանջել արգելել խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի առանց Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի և խաղաղապահ զորակազմի համաձայնության, Ադրբեջանի և այլ երկրների զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների մուտքը»։

--00—ԶՀ