ԵՄ 27 երկրների ԱԳ նախարարները կքննարկեն ռուսաստանցիների այցագրերի հարցի շուրջ միասնական մոտեցումը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

1090886.jpg

Եվրամիության 27 երկրների արտաքին գործերի նախարարներն օգոստոսի 30-ին Պրահայում կայանալիք ոչ ֆորմալ նիստում կքննարկեն Ռուսաստանի քաղաքացիներին այցագրերի տրման հարցի շուրջ միասնական մոտեցման հարցը: Օգոստոսի 23-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ներկայացուցիչ Դանա Սպինանտը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ ԵՀ-ի ներկայացուցիչը հերթական անգամ ընդգծել է, որ ԵՄ-ի երկրները պետք է պահպանեն միջազգային իրավունքը եւ այցագրեր տան առնվազն եվրոպացի քաղաքացիների ընտանիքների անդամներին, լրագրողներին, այլախոհներին, հումանիտար աշխատողներին:

Օգոստոսի 22-ին ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ հավանություն չի տալիս Միությունում բոլոր ռուսաստանցներին այցագրեր տալու արգելքի սահմանման գաղափարին: Ավելի վաղ Ֆինլանդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել է սեպտեմբերի 1-ից ռուսաստանցիներին տրվող տուրիստական այցագրերի կրճատման մասին՝ ներկայիս թվի համեմատությամբ 10 անգամ:

Էստոնիայի իշխանությունները հինգշաբթի օրվանից դադարեցրել են շենգենյան այցագրերով ռուսաստանցի քաղաքացիների մուտքը երկիր, որոնք տրվել են Էստոնիայի հյուպատոսական հիմնարկությունների կողմից: Ռուսաստանցիների համար շենգենյան այցագերի տրման հարցում սահմանափակումներ են մշակվում նաեւ բալթյան մյուս երկրներում: ԵՄ-ի առաջատար երկրները, մասնավորապես Գերմանիան, առայժմ զգուշությամբ են քննարկում այդ միջոցի ընդունման հնարավորությունը, քանի որ այդ արգելքը կարող է դառնալ այն բանի հավաստումը, թե Եվրամիության պատժամիջոցները նպատակաուղղված են ոչ թե Ռուսաստանի ղեկավարության, այլ ամբողջ երկրի եւ դրա ժողովրդի դեմ:

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ընդգծել է, որ դժվարությամբ կարող է պատկերացնել ռուսաստանցիներին շենգենյան այցագրերի տրման դադարեցումը: Գերմանիայի դաշնային կառավարության ներկայացուցիչը Bild հրատարակությանը հայտարարել է, որ Շոլցը «հավանություն չի տալիս այդ ընդհանուր արգելքի սահմանմանը», բայց «հասկանում է» այդ հարցի շուրջ «քննարկումները», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

--00—ԶՀ