Փոխվարչապետ Մաթևոսյանի գլխավորությամբ քննարկվել են գյուղատնտեսական մի շարք հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

242678.jpg

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ օգոստոսի 23-ին տեղի է ունեցել Գյուղատնտեսական սեզոնի հարցերով աշխատանքային խմբի հերթական հանդիպումը։

ՀՀ կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ վերջինին մասնակցել են Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի մարզպետները, փոխնախարարներ, շահագրգիռ պետական կառույցների այլ ներկայացուցիչներ։

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը փոխվարչապետին տեղեկություն է տրամադրել պտղի, բանջարեղենի մթերումների և արտահանումների ընթացիկ իրավիճակի վերաբերյալ, Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը ներկայացրել է ոռոգման ոլորտում իրականացվող աշխատանքները՝ մասնավորապես ընդգծելով, որ նախնական հաշվարկներով, բարձր ջերմաստիճանային և տևական չոր պայմաններով աշնանային եղանակ չդիտվելու պարագայում, Սևանա լճից օրենքով սահմանված չափաքանակից ավել ջրառ իրականացնելու անհրաժեշտություն չի առաջանա: Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն իր զեկույցում անդրադարձել է մսի շուկայի վերահսկողության արդյունքներին՝ մասնավորապես սպանդանոցների առկա վիճակին, նաև ներկայացրել է կենդանական և բուսասանիտարական հիվանդությունների մոնիթորինգի արդյունքները։

Հանդիպման ավարտին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը տվել է մի շարք հանձնարարականներ, որոնք հիմնականում վերաբերել են խաղողի մթերման գործընթացի հետ կապված հնարավոր խնդիրների կանխարգելմանը, մարզպետարանների կողմից գյուղատնտեսական ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերի վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացմանը և այլն։

--00—ԶՀ