Բերձոր հետ մեկտեղ թշնամուն հանձնեցիք Գուրգեն Մելիքյանի 10 000 աղոթքները․ Ռուբեն Մելքոնյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

յյգըւ

ԲԵՐՁՈՐԻ ՀԵՏ ՄԵԿՏԵՂ ԴՈՒՔ ԹՇՆԱՄՈՒՆ ՀԱՆՁՆԵՑԻՔ ԳՈՒՐԳԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԻ 10 000 ԱՂՈԹՔՆԵՐԸ։ Այս մասին գրել է Ռուբեն Մելքոնյանը։

Շատերը գիտեն, որ շուրջ 30 տարի Գուրգեն Մելիքյանը՝ հայ արևելագիտության նահապետը, շնորհակալ և բացառիկ գործունեություն է ծավալել Արցախում: Իսկ Բերձորում տարիներ շարունակ ուսանողների հետ միասին տնկել է ավելի քան 10 հազար ծառ, մեծ մասը ընկուզենի: Ինքս տեսել եմ, որ ամեն ծառը տնկելիս Գուրգեն Մելիքյանը աղոթք էր ասում: Դո՛ւք՝ ժամանակավոր և անփառունակ իշխանություններ, այսօր թշնամուն հանձնեցիք նաև Գուրգեն Մելիքյանի 10 հազար ծառերն ու 10 հազար աղոթքները: Իշխանության մեջ գտնվող և Գուրգեն Մելիքյանին ճանաչողներ, նրա հետ ծառատունկի մասնակցածներ, ինչպե՞ս եք նայելու Մելիքյանի աչքերին, ի՞նչ եք ասելու, ասելու ե՞ք նախկինները տվեցին քո 10 հազար ծառերը թշնամուն. պահեք այդ մոգական «նախկին» բառը ձեր ընտրազանգվածի համար, դա նրանց վրա գործել, գործում և ցավով պետք է ասեմ, որ դեռ գործելու է: Աստծո (եթե հավատում եք), ձեր խղճի (եթե ունեք) առաջ ի՞նչ պատասխան եք տալու, ինչպե՞ս եք գնահատելու ձեր կործանարար պաշտոնավարումը: Առանց Աստված և խիղճ ինչպե՞ս եք ապրում, դուխո՞վ:

Ցեղասպանությունը վերապրածների և Արևմտյան Հայաստանից գաղթածների զրույցներում հանդիպել եմ ծառերի մասին հիշատակումներ, թե մեր տնկած ծառերը մնացին Մուշում, Վանում, Կարսում. հատկապես տպավորիչ է նրանցից մեկի խոսքը՝ «մենք գաղթեցինք, ծառերը մնացին. երանի ծառերին»: 100 տարի անց այդ նույն զգացումը «պարգևեցիք» հայ ժողովրդին. հիմա էլ շատերը երանի են տալու Բերձորում, Շուշիում  մնացած ծառերին:

Հ.Գ. Առաջին լուսանկարում թշնամուն մնացած ԵՊՀ 100-ամյակի պուրակում Գուրգեն Մելիքյանի հետ ծառատունկից մի դրվագ է, իսկ մյուսում լուսահոգի հորս հիշատակին Բերձորում տնկված և այսօրվանից թշնամուն գերի մնացած ընկուզենին է:

--00—ԻԴ