Բրյուսելյան հանդիպմանն Ալիեւը հերթական անգամ կճնշի մեր վարչապետ կոչվածին. Վահե Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

ՎԱՀԵ

Փաշինյան-Ալիեւ հանդիպումից պետք է ակնկալել հերթական զիջումը, հերթական պարտությունը, այստեղ երկու կարծիք լինել չի կարող։ Այս մասին 24News-ին ասաց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով կայանալիք բրյուսելյան հանդիպմանը։ 

Օգոստոսի 31-ին Բրյուսելում Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ հերթական անգամ կհանդիպեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ բանակցելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, երկրների միջեւ խաղաղության պայմանագիր կնքելու շուրջ։

Պատգամավոր Վահե Հակոբյանի խոսքերով՝ զիջումը, պարտությունը ենթադրում են Արցախի կարգավիճակի հերթական լուծումն հօգուտ Ադրբեջանի. «Ալիեւը հերթական անգամ կճնշի մեր վարչապետ կոչվածին։ Ինքն էլ քանի որ ահուսարսափով է վերաբերում Ալիեւին, ինչը որ ասելու է, գլուխը կախ անելու է»։

Օգոստոսի 25-ին հայտնի դարձավ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դեսպան Ֆիլիպ Ռիքերին նշանակել է Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: «Դեսպան Ռիքերը նաև կհամագործակցի համախոհ գործընկերների հետ, ինչպիսին է Եվրամիությունը, և, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, կօգնի հեշտացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը», - նշանակման վերաբերյալ հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղարությունը։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան, արձագանքելով ԱՄՆ հայտարարությանը, նշել էր, որ գրեթե չգործող Մինսկի խումբը «վերակենդանացնելու փորձերը» կարող են հանգեցնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի հեռացմանը։ «Ղարաբաղյան հակամարտությունը լուծված է», - ընդգծել էր նա։

«Հայաստան»-ի պատգամավոր Վահե Հակոբյանի խոսքերով՝ մեր այսօրվա դրության միակ ելքը ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի վերականգնումն է։ «Եվ ընդունված թե՛ Մադրիդյան, թե՛ Կազանյան սկզբունքները փորձել բերել նորից առաջին պլան», - եզրափակեց նա։

Սերգեյ Առաքելյան