Արցախին կապող նոր երթուղու մոտակայքում միջանցքի տրամաբանությամբ անվտանգային գոտի կլինի․ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

քմդ

Արցախը Հայաստանին կապող նոր երթուղու վրա Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվելու է նույն Լաչինի միջանցքի տրամաբանությամբ։ Այս մասին 24News-ին ասաց Արցախի Ազգային ժողովի իշխանական «Ազատ հայրենիք - ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը։

Այսօր Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը հայտնել էր, որ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի հերթական նիստում նշվել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի համաձայն՝ նոր երթուղին պահպանելու է միջանցքային տրամաբանությունը: «Երթուղին Գորիս-Ստեփանակերտ մայրուղուն ժամանակավորապես կապող մոտ 4,7 կմ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներն ավարտված են։ [...] Շահագրգիռ քննարկման արդյունքում Անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել օգոստոսի 30-ի ժամը 20:00-ից Հայաստանի Հանրապետության հետ հաղորդակցությունն իրականացնել նոր երթուղով՝ Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի տարածքով», - նշվել է հաղորդագրության մեջ:

«Ազատ հայրենիք - ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանի խոսքերով՝ նոր երթուղու անցակետերից մեկը լինելու է խաչմերուկում, որտեղից մտնում է Բերդաձորի հատված։ «Մի հենակետը լինելու է Հին Շեն գյուղի մեջ, մյուսը՝ Հայաստանի սահմանին, մյուս հենակետը՝ այլընտրանքային ճանապարհի 4,7 կիլոմետրանոց հատվածի վերջում, որտեղ հատվում է Աղավնո-Տեղ գյուղերի ճանապարհահատվածը։ Այսինքն, ըստ էության, 4 կետ է գործելու։ Իսկ դրանից այն կողմ՝ դեպի Շուշիի ճանապարհին տեղակայված կետերը, շարունակելու են գործել նախկինի պես», - ասաց քաղաքական գործիչը։ 

Հարությունյանը հավելեց նաև, որ ճանապարհի մոտակայքում՝ 2,5/2,5 կմ-ի վրա, միջանցքի տրամաբանությամբ անվտանգային գոտի է լինելու, և ադրբեջանական զինվորականներ կամ սահմանապահներ չեն լինելու։

Սերգեյ Առաքելյան