Վարչապետի թեկնածուներ ենք առաջարկելու, ժողովուրդը պետք է մեկին ընտրի, ու գնանք ԱԺ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News  

Խորհրդարանի աշխատանքներին, ինչպես արդեն տեղեկացրել ենք, չենք մասնակցելու, ներկայանալու ենք միայն մեր նախագծերով, ինչ վերաբերում է մանդատներից զրկելու գործընթաց սկսելուն, ապա ՔՊ-ն չի տվել մանդատ, որ զրկի, եթե փորձեն գործընթաց սկսել՝ մենք հակընդդեմ սցենարներ ունենք, եթե թվում է՝ մանդատից կարող են ապօրինի զրկել, սխալվում են, հաջողության չեն հասնելու: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Պատասխանելով հարցին, թե մամուլում տեղեկություններ կան, որ Ռոբերտ Քոչարյանը համոզում է, որ պատգամավորները վերադառնան խորհրդարան, Սաղաթելյանը նշեց. «Համոզելու տարիքից անցել ենք, Ռոբերտ Քոչարյանի հետ տարաձայնություն չունենք, քննարկել ենք, մեր կարծիքն ենք հայտնել, վերջում որոշման ենք եկել չմասնակցել նիստերին»:

Հարցին, թե սեպտեմբերի 2-ի հանրահավաքի ժամանակ նշել եք, որ  «Դիմադրության շարժման» մասնակիցները պետք է ընտրեն վարչապետի թեկնածու, դա ինչպե՞ս է իրականացվելու, Սաղաթելյանը պատասխանեց, որ դեռևս վարչապետի թեկնածուի անուն չի քննարկվել, բայց թեկնածու առաջադրելն անհրաժեշտ է իմփիչմենտի գործընթաց սկսելու համար:

«Թեկնածուն որոշվելու է ժողովրդի անմիջական մասնակցությամբ, առաջիկայում մեխանիզմները կքննարկենք, թե ինչպես ժողովրդին անմիջական մասնակից դարձնենք թեկնածուի ընտրության գործին, թեկնածուին ժողովուրդը կվերցնի, կգնա խորհրդարան, պարտադրանքով կհասնենք իշխանափոխության»,- ավելացրեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Հերմինե Միքայելյան

 --00—ԱՊ