Ղրղզստանի նախագահը հույս է հայտնել, որ ՀՀ-ն և Ադրբեջանը հետագայում ձեռնպահ կմնան ուժի կիրառումից

   ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News    

ժ

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունը:

Հաղորդվում է, որ երկրի ղեկավարը սեպտեմբերի 14-ին մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստին, որը հրավիրվել էր Հայաստանի նախաձեռնությամբ և անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով:

«Երկրի ղեկավարը նշել է, որ Ղրղզստանն անհանգստացած է երկու բարեկամ երկրների սահմանին առկա լարվածությամբ: Նախագահ Սադիր Ժապարովն ընդգծել է իրավիճակը բացառապես դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը և հույս է հայտնել, որ կողմերը հետագայում ձեռնպահ կմնան ուժի կիրառումից և միմյանց միջև առկա տարաձայնությունները կլուծեն խաղաղ միջոցներով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման հիմքի վրա»,- հայտարարել է Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայության ներկայացուցիչը:

--00—ԱՊ