Եռաբլուրում ոստիկանությունը ոչ պրոֆեսիոնալ վարքագիծ է դրսևորել, պետք է հետևություններ անի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Եռաբլուրում ոստիկանությունն իր գործողությունները պլանավորելիս պետք է նկատի ունենար երկրում տիրող իրավիճակը, պետք է իրենց ընկալելի լիներ երեխաներին կորցրած ծնողների զայրույթը և ցասման պոռթկումները: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը՝ անդրադառնալով Եռաբլուրում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ ոստիկանության ուժի կիրառման գործողություններին:

«Ոստիկանության արձագանքը անհամաչափ էր, պարզաբանումներ ենք պահանջել, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու կոնկրետ ծառայողների վարքագծին իրավական գնահատականներ տալու համար, մասնավորապես՝ այնպիսի գնահատականներ, որոնք հետևանքներ կառաջացնեն:

Ոստիկանությունը ոչ պրոֆեսիոնալ վարքագիծ է դրսևորել, հեռու եմ այն մտքից, որ ծնողները վտանգ էին ներկայացնում, պետք է փնտրեին ձև՝ ծնողների հետ զրույցելու: Ծառայությունը հետևություններ պետք է անի, ոչ մի ծառայության պատիվ չի բերում անընդհատ դառնալ քննդատության թիրախ»,- ավելացրեց նա:

Քրիստինե Գրիգորյանը նշեց, որ գրասենյակը մոտ չորս տասնյակից ավելի անհետ կորած անձանց դիմումներ է ստացել, ընդգծելով՝ ամբողջ ցանկը կճշտվի, երբ բոլոր մարմինների նույնականացումը ավարտվի: Նա նաև նշեց, Ադրբեջանի ագրեսիայի պատճառով շուրջ 400 տուն վնասվել է, միայն Վաղատուր փոքրիկ գյուղում 13 արկ էր ընկել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 --00—ԱՊ