Քուրդ ազատամարտիկներին Թուրքիային արտահանձնելու լուրն աբսուրդ է. ՀՀ-ում նրանց փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

capture_20220925114832_v1.thumb_.jpg

Ազգությամբ քուրդ՝ Թուրքիայի քաղաքացիներ Աթիլլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին Թուրքիային արտահանձնելու մասին լուրերը Հայաստանում իրականացված դատական գործընթացում նրանց շահերը պաշտպանած փաստաբան Դավիթ Գասպարյանն «աբսուրդ է» համարում։ Այս մասին փաստաբանը հայտնեց Sputnik Արմենիայի հետ զրույցում` նշելով, որ իր քուրդ պաշտպանյալներն անգամ դատարանի դահլիճում են հայտարարել, թե ինչ է սպասվում իրենց Թուրքիայում հայտնվելու դեպքում։

«Իրենք դատարանում էլ էին հայտնում, որ իրենք հետապնդվում են, Թուրքիայի Հանրապետության կողմից ճնշումների են ենթարկվում։ Իրենք դատարանում էլ էին հայտնում, որ Թուրքիան իրենց չի ընդունում, ճնշված են, բռնաճնշումների ենթարկված ժողովուրդ են։ Այսինքն` ես աբսուրդ եմ համարում, կասկածում եմ, որ ՀՀ–ն, որ բարեկամ ժողովուրդ է համարում քրդերին, իրենց հանձնած լինի, որովհետև հանձնելու պայմանը մենք հասկանում ենք, թե ինչ կլինի»,– ասաց Գասպարյանը։

Փաստաբանը նաև հայտնեց, որ Աթիլլա Չիչեքն ու Հուսեյին Յըլդրըմը կալանքից ազատվել են 2022թ–ի փետրվարին` դատարանի որոշմամբ, ու այդ պահից սկսած եղել են փաստացի ազատության մեջ։

«Դատարանի որոշումը եթե նայեք, ասում է` բավարարել մասնակի, ազատ արձակել դատարանի դահլիճից։ Այսինք` 2022թ–ի փետրվարից իրենք ազատության մեջ են եղել»,– ասաց Գասպարյանը։

Ինչ վերաբերում է վճռի մասնակի բավարարմանը, փաստաբանը պարզաբանեց, որ ինքը դատարանին նաև արդարացման պահանջ էր ներկայացրել, բայց դատարանն այն մեժել էր` ըստ էության բավարարելով միայն պատիժը պայմանական չկիրառելու պահանջը։

Ըստ դատական գործի` Աթիլլա Չիչեքն ու Հուսեյին Յըլդրըմը ձերբակալվել են 2021թ–ի օգոստոսի 16-ին` Սյունիքի մարզում Իրանից Արաքս գետով Հայաստան ապօրինի մուտք գործելուց հետո։

Այն մասին, որ իր նախկին պաշտպանյալները ինչ–որ ձևով հայտնվել են Թուրքիայում՝ Դավիթ Գասպարյանը տեղեկացել է մամուլից ու չի պատկերացնում, թե ինչպես կարող էր նման բան տեղի ունենալ։

«Ես նման տեղեկություն չունեմ, որ իրենց արտահանձնել են։ Այդ մարդիկ եղել են ազատության մեջ, ունեցե են ՀՀ տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունք։ Եվ չի բացառվում, որ սահմանն իրենք են ինքնակամ անցել ու հայտնվել այդ վիճակում։ Հնարավոր է, որ ինչպես ՀՀ էին մտել, այդպես էլ ապօրինի անցած լինեն Թուրքիայի Հանրապետություն»,– չբացառեց Գասպարյանը` նշելով, որ դա լոկ իր ենթադրությունն է։

--00—ԶՀ