Ի՞նչ արդյունքներ են գրանցվել ՀՀ ՏԻՄ ընտրություններում. մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

հհ
           

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակվել են սեպտեմբերի 25-ին Հայաստանի 17 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները:

Ավագանու համամասնական կարգով ընտրություններ տեղի են ունեցել Արագածոտնի մարզի Թալին, Ծաղկահովիտ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Լոռու մարզի Ալավերդի, Գյուլագարակ, Լոռի Բերդ, Տաշիր, Կոտայքի մարզի Ակունք, Բյուրեղավան, Չարենցավան, Ջրվեժ, Շիրակի մարզի Անի, Սյունիքի մարզի Սիսիան, Քաջարան, Վայոց Ձորի մարզի Արենի, Եղեգիս, Տավուշի մարզի Բերդ համայնքներում։

Արագածոտնի Թալին համայնքում ընտրողների քվեների մեծ մասը ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Տավրոս Սափեյանի գլխավորությամբ:

ՔՊ-ն ստացել է անհրաժեշտ թվով ձայներ (7990)՝ միանձնյա իշխանություն ձեւավորելու համար։ «Արդար Հայաստան» կուսակցությունը հավաքել է 1943, ՀՅԴ-ն՝ 1158, «Ապրելու երկիր» կուսակցությունը` 881, «Կայունություն» կուսակցությունը` 838 ձայն։ Ծաղկահովիտում ՔՊ-ն (համայնքապետ, նախկին ՀՀԿ-ական Նորաին Հակոբյանի գլխավորությամբ) ստացել է 2299, «Հզոր համայնք» դաշինքը՝ 1327, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 181, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 539 ձայն։

Գեղարքունիքի Ճամբարակ համայնքում առաջադրված միակ ուժը՝ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը, ստացել է 5275 ձայն։

Լոռու Ալավերդի համայնքում նախնական արդյունքներով «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել է 6791 ձայն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 6557, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 340, իսկ Հայ հեղափոխական դաշնակցությունը՝ 316: Այս դեպքում որևէ ուժ չի ստացել անհրաժեշտ քանակությամբ ձայներ՝ առանց կոալիցիայի իշխանություն ձևավորելու համար։ Գյուլագարակում ՔՊ-ն ստացել է 1779 ձայն, ԱԵ կուսակցությունը՝ 1731։ Լոռի Բերդ համայնքում ՔՊ-ն հավաքել է 1254, «Ապրելու երկիր»-ը՝ 619, «Հանրապետություն»-ը՝ 338 ձայն։ Տաշիր համայնքում «Միասնական համայնք» դաշինքը (համայնքապետ Էդգար Արշակյանի գլխավորությամբ) ստացել է 5904, իսկ ՔՊԿ-ն՝ 2376 քվե։

Կոտայքի Ակունք համայնքում ՔՊ-ն (համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանի գլխավորությամբ), հավաքելով 2708 ձայն, հաղթել է, «Համախմբում» դաշինքը տացել է 2098 ձայն։ Բյուրեղավանում առավելագույն ձայն է ստացել «Միասնություն» դաշինքը (համայնքապետ Հակոբ Բալասյանի գլխավորությամբ)՝ 2079, ՔՊ-ն՝ 1247, «Արդար Հայաստան»-ը՝ 1157, ՀՅԴ-ն՝ 166 ձայն։ Չարենցավանում հաղթել է «Միասնական համայնք» դաշինքը (համայնքապետ Հակոբ Շահգելդյանի գլխավորությամբ), որը հավաքել է 6104 ձայն, ՔՊԿ-ն՝ 4656, «Ապրելու երկիր»-ը՝ 772։ Ջրվեժում, որտեղ ՔՊ-ն միակ առաջադրված կուսակցությունն է եղել, ընտրողների ամենացածր մասնակցությունն է գրանցվել՝ ընդամենը 27 տոկոս։ Ջրվեժում ՔՊ-ն ստացել է 2084 ձայն։

Շիրակի Անիում «Ազգ-Համայնք» դաշինքը (համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի գլխավորությամբ) հավաքել է 3772 ձայն, ՔՊ-ն՝ 3029, «Հայկական երազանք»-ը՝ 1039 ձայն:

Սյունիքի մարզի Սիսիան համայնքում ՔՊ-ն (համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանի գլխավորությամբ) ստացել է 4093 ձայն, սակայն սա բավարար չէ առանց որեւէ ուժի իշխանություն ձեւավորելու համար։ «Աշխատանք և արդարություն»-ը ստացել է 2693, «Մեկ Հայաստան»-ը՝ 979, «Ապրելու երկիր»-ը՝ 2307, «Զարգացող համայնք»-ը 570, «Հանուն ժողովրդավորության պաշտպանների դաշինք»-ը՝ 794, ՀՅԴ-ն 403 ձայն։ Քաջարանում համայնքային իշխանություն ձևավորելու համար անհրաժեշտ թվով ձայներ (3127) է հավաքել գործող ղեկավար Մանվել Փարամազյանի գլխավորած «Դեպի Միասնություն» դաշինքը։ Իշխանական ՔՊ-ն ստացել է՝ 1118, «Հանրապետություն»-ը՝ 482 ձայն։ 

Վայոց Ձորի Եղեգիս համայնքում (համայնքապետ, նախկին ՀՀԿ-ական Հուսիկ Սահակյանի գլխավորությամբ) ՔՊ-ն հավաքել է 1593, Ազատական կուսակցությունը՝ 1162, «Վերելք» կուսակցությունը՝ 45 ձայն։ Արենի համայնքում ՔՊ-ն (համայնքապետ, նախկին ԲՀԿ-ական Արթուր Ստեփանյանը) հավաքել է 3281, «Հանրապետություն»-ը՝ 388։

Տավուշի մարզի Բերդում հաղթանակ է տարել «Զորավոր համայնք» դաշինքը (կալանավորված համայնքապետ Հարություն Մանուչարյանի գլխավորությամբ)՝ ստանալով 5685 քվե, ՔՊ-ն ստացել է 4298, «Արժանապատիվ սերունդ»-ը՝ 1097։

 

 

Սերգեյ Առաքելյան

-00—ԱՊ