Փաշինյանը Բաքվին առաջարկել է 1991 թ-ի համաձայնագրի հիման վրա կնքել խաղաղության պայմանագիր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Հայաստանը պատրաստ է 1991 թվականի դեկտեմբերի 8-ի համաձայնագրի հիման վրա, որով կազմավորվել է Անկախ պետությունների համագործակցությունը, խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։ Այս մասին Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Ուզում եմ միջազգային մեր գործընկերների և մեծարգո նախագահ նաև Ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալ փաստի վրա. այն շահարկումները, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ճշգրիտ սահման չկա, քանի որ սահմանը դեմարկացված և դելիմիտացված չէ, իրականության հետ կապ չունեն: Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև գոյություն ունեցած ադմինիստրատիվ սահմանները երկու երկրների անկախության առաջին ամիսներին դարձել են պետական սահմաններ, քանի որ թե՛ Հայաստանը և թե՛ Ադրբեջանը ստորագրել և վավերացրել են Անկախ պետությունների համագործակցություն ստեղծելու մասին 1991 թվականի դեկտեմբերի 8-ի համաձայնագիրը: Ընդ որում, երկու երկրներն էլ մինչև այս պահը հանդիսանում են ԱՊՀ անդամ: Ուզում եմ ընդգծել, որ այդ համաձայնագրի անբաժանելի մաս է, որ ադմինիստրատիվ սահմանները, գոյություն ունեցող սահմաններն ըստ էության դառնում են պետական սահման և համաձայնագրին միացած երկրները ճանաչում են այդ սահմանները», - ասել է նա։ 

Ըստ Փաշինյանի, «երկարաժամկետ լուծումների համար» անհրաժեշտ է 1991 թվականի դեկտեմբերի 8-ի համաձայնագրով վերահաստատված սահմանների փոխադարձ ճանաչմամբ գնալ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրմանը:

--00--ԱՀ