Մտածում են՝ ոնց քամակը պահեն, գնանք մա՞ս կազմենք Հայաստանը հանձնելուն․ Սեյրան Օհանյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Փաստ է այն, որ ՀՀ-ն գտնվում է կապիտուլյացիոն վիճակում, և այս վիճակում Հայաստանը հենց այնպես չի հայտնվել։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը և հավելեց, որ ինքը առաջին նախագահի ասածը չի ուզում մեկնաբանել։

Նշենք, որ Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ հայտարարեց, որ մեզ սպասում են ծանր, ցավոտ լուծումներ: Նրա կարծիքով՝ պետք է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ստորագրվեն պայմանագրեր, որոնք ոչ մեկի քիմքին հաճելի չեն լինելու, բայց կա մի պահ, երբ այլընտրանք չկա։

«Այս իշխանությունը պարտությունից հետո ամբողջությամբ տապալել է բանակցային գործընթացը, ամբողջությամբ տապալել է մեր պաշտպանական քաղաքականությունը, բանակաշինությունը, կարելի է ասել, որ տապալել է պետական կառավարումը, և նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո կապիտուլյացիոն գործընթացները շարունակական է դարձրել»,- ասաց Սեյրան Օհանյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունը գործում է ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակից դուրս։

«Իրենց համար գերակայությունը ոչ թե սահմաններն են, ոչ թե անվտանգությունն է, այլ ընդհատակյա բանակցություններ վարելն է թշնամու հետ, ինչ-որ պայամանվորվածություններ ձեռք բերելն է, Երևանում, ասֆալտի վրա ոստիկանական զորքերն ուռճացնելն է, իրենց թիկունքը, իրենց աթոռը, կներեք, իրենց քամակը պահելն է։ Ամբողջությամբ բաց են թողել մեր սահմանները, և հակառակորդին ամեն օր հանդուրժում են»,- նշեց խմբակցության ղեկավարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԶՀ