Լևոն Տեր-Պետրոսյանի մեսիջը մեկն է՝ լեգիտիմացնել սպասվելիք նոր կապիտուլյացիոն փաստաթուղթը. Բադալյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

գ

Լևոն Տեր-Պետրոսյանի մեսիջը մեկն է՝ լեգիտիմացնել սպասվելիք նոր կապիտուլյացիոն պայմանագիրը։ Այս մասին 24News-ին ասաց քաղաքական տեխնոլոգ, քաղաքական վերլուծաբան Արմեն Բադալյանը։ 

Երեկ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ առաջին նախագահ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն ասել էր, որ Հայաստանին սպասում են ծանր, ցավոտ լուծումներ, պայմանագրեր պետք է ստորագրվեն և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի հետ, այլընտրանք չկա։

Ըստ նրա՝ Հայաստանի համար բոլոր լուծումներն էլ վատն են, պետք է փորձել ընտրել ամենաքիչ ցավալին։ Անդրադառնալով սեպտեմբերի 22-ին Հայաստանի և Արցախի նախկին նախագահների՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նախաձեռնությամբ կայացած հանդիպմանը՝ ՀՀ 1-ին նախագահը նշել էր, որ այդ ժամանակ առաջարկել է «կառուցողական երկխոսություն սկզբնավորել իշխանության և ընդդիմության միջև»։

Վերլուծաբան Արմեն Բադալյանի խոսքերով` իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չունի որևէ իրավական խոչընդոտ ցանկացած պայմանագիր հաստատելու համար։ 

«Իշխող ուժը խորհրդարանում ունի մեծամասնություն, Սահմանադրական դատարանն իր համար գրպանային դատարան է։ Ինչպես նաև ՀՀ նախագահն այն մարդն է, որը վարչապետի ցանկացած թուղթ ստորագրելու է։ Իրավական որևէ խոչընդոտ չկա, որը կարգելի գործող վարչապետին վավերացնել այդ պայմանագիրը։ Բայց կարող է լինել քաղաքական խնդիր, եթե քաղաքական դաշտի բոլոր ակտիվ գործիչները՝ ՀՀ 2-րդ, 3-րդ նախագահները, Արցախի նախկին նախագահները և այլք, չմիանան և չլեգիտիմացնեն իշխանությունների կողմից կնքվելիք պայմանագիրը։ Երբ որ վավերացվելուց տեղի ունենա իշխանափոխություն, նախկին նախագահների ղեկավարած ուժերը, գալով իշխանության, կարող են ուղղակի անվավեր ճանաչել սպասվելիք խաղաղության պայմանագիրը, որը խիստ անհրաժեշտ է Արևմուտքին», - ասաց Բադալյանը։

Ըստ նրա՝ հավանական է, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա ու գա նոր իշխանություն․ «Գործող վարչապետը կապիտուլյացիան ստորագրելուց հետո Արևմուտիքն պետք չի լինելու։ Հնարավոր է, որ Արևմուտքն իշխանափոխության նոր ծրագիր փորձի իրականացնլ, որը չստացվի։ Կապիտուլյացիոն պայմանագրի անվավեր ճանաչելը թույլ չտալու համար 1-ին նախագահը ցանկանում է, որպեսզի 2-րդ և 3-րդ նախագահները, Արցախի իշխանությունները նստեն մի սեղանի շուրջ։ Եվ եթե նստեն մի սեղանի շուրջ, այդ փաստով կլեգիտիմացնեն սպասվող կապիտուլյացիոն փաստաթուղթը։ Տեր-Պետրոսյանի նպատակն է, որ ստորագրվի կապիտուլյացիոն պայմանագիրը, դրա դեմ գործողություններ չիրականացվեն»։ 

Հարցին՝ Տեր-Պետրոսյանը ռեալ չի՞ գնահատում իրավիճակը, Բադալյանը պատասխանեց, որ սեփական տեսակետից ռեալ է գնահատում՝ «որովհետև ժամանակին ասում էի, որ լավ պայմաններ կան, հիմա ավելի վատ պայմաններով են, եկե՛ք, այս պայմաններն ընդունե՛ք»։ «Որ հետո ասի՝ «տեսե՛ք, ժամանակին ինձ լսեիք, ավելի լավ պայմաններով կլիներ»։ Քանի որ իր արտաքին քաղաքականության հիմքում միշտ մերժել է ցանկացած հայդատականություն, Արցախի հետ կապված արմատական գործընթացներ և այլն, բնականաբար, սպասվելիք պայմանագիրը համապատասխանում է իր գաղափարական պատկերացումներին, որի համար առաջարկում է նման քայլեր», - նշեց վելուծաբանը։

Բադալյանն ասաց, որ ըստ Տեր-Պետրոսյանի՝ Հայաստանը ստիպված է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, որովհետև այդպես է պահանջում Ադրբեջանը։ «Բնականաբար, կապիտուլյացիոն պայմանագրով դա է լինելու՝ «բերեք հիմա ճանաչենք դա, որպեսզի հետագայում ավելի վատ չլինի»։ Չնայած ո՞վ ասեց, որ հետագան ավելի վատ կլինի, դրա բացատրությունը Տեր-Պետրոսյանը չտվեց, այլ ինչ-որ անեկդոտ էր պատմում», - եզրափակեց նա։

 

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ