Տաթև-Աղվանի ճանապարհի հիմնանորոգման և կառուցման համար կառավարությունը գումար հատկացրեց

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

գ

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 29-ի նիստում որոշեց փոփոխություն կատարել «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում և գնման պայմանագրում:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման ընդունումն անհրաժեշտ է ՀՀ պետական բյուջեով նախատեսված «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» միջոցառման կատարումն ապահովելու նպատակով:

Նախագծով նախատեսվում վերաբաշխման միջոցով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացնել 3,061,716,000 ՀՀ դրամ, որից շինարարական աշխատանքների համար՝ 3,015,967,904 ՀՀ դրամ, տեխնիկական հսկողության ծառայությունների համար՝ 31,618,352 ՀՀ դրամ, հեղինակային հսկողության համար՝ 14,129,710 ՀՀ դրամ։

«Նախագծով առաջարկվում է 4 ճանապարհների վերանորոգման համար, որոնց երկարությունը մոտ 34 կմ է, հատկացնել 3 միլիարդ 61 միլիոն դրամ»,-ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ հավելելով, որ 4 ճանապարհներից մեկը Տաթև-Աղվանի ճանապարհի 3 կտորներից մեկն է, որտեղ որոշում է կայացվել տեղադրել երրորդ շերտ, որպեսզի ճանապարհով կարողանան երթևեկել նաև բեռնատար մեքենաներին:

Նրա խոսքով՝ 3 միլիարդ 61 միլիոնից 45 միլիոնը տեխնիկական հսկողության համար է, մնացածը՝ շինարարության:

Նախագծով լրացուցիչ աշխատանքների իրականացումը նպատակահարմար է համարվել տրամադրել «Քարավան»ՍՊԸ-ին և չի կիրառվել հրատապության հիմքով պայմանավորված մեկ անձից գնման ձևով «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջը:

Նախագծով նախատեսվում է նաև լրացուցիչ աշխատանքների համար Կապալառուին տրամադրել կանխավճար՝ 122,960,600 ՀՀ դրամի չափով (լրացուցիչ աշխատանքների արժեքի 20 տոկոսի չափով), իսկ տվյյալ հատվածի շինաշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող «Սուֆետ» ՍՊԸ-ին, վերը նշված լրացուցիչ աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնելու համար տրամադրել 6,580,000 ՀՀ դրամ, համապատասխան փոփոխություն կատարելով վերջինիս հետ կնքված պայմանագրում։

Նախագծի ընդունումը հնարավորություն կստեղծի բարձրացնել Մ-2-Տաթև-Աղվանի-Մ-2 ճանապարհի թողունակությունը և կապահովի այդ ճանապարհով բեռների անխափան փոխադրումը։

--00—ԻԴ