Միջազգային հանրությունը պետք է դատապարտի ուժի կիրառումը Ադրբեջանի կողմից. ԱԽ քարտուղարը՝ Fox News-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

1093963.jpg

Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը և կոչ անի դուրս բերել ադրբեջանական զորքերը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱՄՆ կատարած աշխատանքային այցի ընթացքում հարցազրույց է տվել ամերիկյան «Ֆոքս Նյուզ» լրատվական հեռուստաընկերությանը՝ խոսելով սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ իրականացված լայնածավալ ռազմական հարձակման և միջազգային հանրության արձագանքի մասին:

Այդ առումով Արմեն Գրիգորյանը բարձր է գնահատել Միացյալ Նահանգների կողմից ավելի հասցեական գնահատականները:

«Միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ ինչպես Միացյալ Նահանգներն է անում: Միացյալ Նահանգները շատ հստակ էր իր ձևակերպումներում. նա կոչ արեց Ադրբեջանին դուրս բերել իր զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից, և մենք կարծում ենք, որ միջազգային հանրությունը պետք է դատապարտի ուժի կիրառումը, որն արվել է Ադրբեջանի կողմից, և միջազգային հանրությունը պետք է աջակցի դիվանագիտական գործընթացին», - «Ֆոքս Նյուզ»-ին ասել է Անվտանգության խորհրդի քարտուղարը:

Ամերիկյան հեռուստաալիքը հիշեցրել է, որ մարտերը Հայաստանի և Ադրբեջանի միջև վերսկսվել էին սեպտեմբերի 13-ին, երբ Ադրբեջանի զինված ուժերը հարձակվել էին Հայաստանի վրա: Ընդ որում, «Ֆոքս Նյուզ»-ն իր ձևակերպման մեջ շատ հստակ նշում է, որ ադրբեջանական ուժերն են հարձակում ձեռնարկել «իրենց արևմտյան հարևանի վրա»:

Այս համատեքստում ամերիկյան հեռուստաալիքը հիշեցրել է նաև Լեռնային Ղարաբաղի մասին՝ նշելով, որ մեծամասամբ հայերով բնակեցված այս շրջանը խորհրդային ժամանակաշրջանում ինքնավար մարզի կարգավիճակ է ունեցել խորհրդային Ադրբեջանի կազմում, սակայն Խորհրդային Միության գոյության վերջին տարիներին զինված հակամարտություն է բռնկվել «քրիստոնյա հայերի» և «մուսուլման ադրբեջանցիների» միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ:

--00—ԶՀ