«Արթիկ» ՔԿՀ-ի տարածքում քաղաքացին կառավարել է անօդաչու թռչող սարք, որն առգրավվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

4000.thumb_.jpg

Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի 3-րդ դիտաշտարակի ծառայողի կողմից զեկուցվել է, որ արտաքին արգելագոտու կողմից բնակելի գոտուն է մոտենում հեռակառավարվող անօդաչու թռչող սարք (դրոն)։ Այս մասին հայտնում է ՔԿՀ-ի լրատվության բաժինը։

«Ձեռնարկված գործողությունների արդյունքում, անհապաղ ուժեղացնելով տվյալ տարածքի հսկողությունը՝ ծառայողները «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից մոտ 200 մետր հեռավորության վրա նկատել են քաղաքացու, որը հեռակառավարման վահանակով կառավարել է անօդաչու թռչող սարքը։

Քաղաքացին, տեսնելով իրեն մոտեցող ծառայողներին, անմիջապես դիմել է փախուստի, իսկ անօդաչու թռչող սարքն ընկել է ավտոճանապարհի հարակից հատվածում։

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Արթիկի բաժնում կազմվել է արձանագրություն, անօդաչու թռչող սարքն առգրավվել է ոստիկանության ծառայողների կողմից։

Զննությամբ պարզվել է նաև, որ թռչող սարքին ամրացված է եղել 3 բջջային հեռախոս»,-ասված է հաղորդագրության մեջ։

--00—ԶՀ