Խնամքի նպաստ կնշանակվի մինչև 2 տարեկան երեխա խնամող ծնողին՝ անկախ հաշվառման վայրից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

նորածին

««Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է խնամքի նպաստ նշանակել ՀՀ-ում բնակության վայրի հասցեով հաշվառում ունեցող և մինչև երկու տարեկան երեխա խնամող ծնողին՝ անկախ հաշվառման վայրից և վարձու աշխատող լինելու հանգամանքից:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի խոսքով՝ օրենքի գործողությունը տարածվելու է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2023 թ. հունվարի 1-ին կամ դրանից հետո:

«2020 թվականի հուլիսի 1-ից հետո, երբ խնամքի նպաստի իրավունք տրվեց նաև չաշխատող գյուղաբնակ ծնողներին, քաղաքաբնակ ծնողներն արտահայտեցին իրենց դժգոհությունը՝ փաստարկելով, որ քաղաքում ապրող երեխաներին խնամելը ևս ծախսատար է և արժանի է պետական հոգածության»,- ասաց փոխնախարարը: 

Վարձու աշխատողների և գյուղաբնակ ծնողի համար գործող օրենսդրական կարգավորումները գործելու են, եթե երեխան ծնվել է մինչև 2023 թ. հունվարի 1-ը, իսկ գյուղաբանկ ծնողի դեպքում՝ նաև եթե դիմումը ներկայացվել է մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը:

Նախագծով նաև առաջարկվում է վերանայել խնամքի նպաստի իրավունքի իրացման մյուս պայմանները` դրանք չփոխկապակցելով աշխատանքից ազատվելու կամ բնակության վայրը փոխելու հետ:

--00--ԱՀ