Պետք է կենտրոնանալ նոյեմբերի 9֊ի եռակողմ փաստաթղթի վրա, ոչ թե տարբեր մայրաքաղաքների դռներ թակել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթում հրապարակված և Ադրբեջանի անունից ներկայացված 5 պահանջները հասարակության տրամադրությունները շոշափելու փորձ էին։ Այսպիսի կարծիք հայտնեց 24News-ի հետ զրույցում ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դասախոս, քաղաքական գիտությունների թեկնածու Գրիգոր Բալասանյանը։

Երեկ ՀԺ-ում «Ի գիտություն Վեհափառ հայրապետի, 3 նախագահների և փորձագիտական հանրության. ի՞նչ է ուզում Ադրբեջանը» վերտառությամբ հոդվածում հրապարկվել էին Հայաստանից «Ադրբեջանի 5 հիմնական պահանջները»՝

ԼՂ պաշտպանության բանակի լուծարում:
ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որեւէ նույնիսկ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով:
Միջանցք Հայաստանի տարածքով:
Սահմանագծման եւ սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականի քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քարտեզների մասին է խոսքը):
Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով:

ԵՊՀ դասախոս Գրիգոր Բալասանյանն ասաց, որ ներկայացված կետերն ընդունելի չեն։ 

«Չեմ կարծում, որ Հայաստանը որքան էլ հակված լինի խաղաղության, կգնա այդ կետերն ընդունելուն, որովհետեւ աբսուրդ է։ Ներկայացված են կետեր, որոնք իրար հակասում են։ Մի կողմից ասում են, որ Արցախը պետք է ճանաչվի Ադրբեջանի մաս, մյուս կողմից՝ 1919-20 թվականների քարտեզներ, որոնց կազմում ընդհանրապես Արցախը չի եղել։ Մտածում եմ՝ միգուցե խաղաղության պայմանագրի ինչ-որ սևագիր էր, որով ցանկացան ճշտել հասարակության և փորձագետների կարծիքը», - շեշտեց ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դասախոսը։

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման թեմային, ապա Բալասանյանը նշեց, որ պետք է վերադառնալ Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ եռակողմ բանակցություններին, պետք է վերջ տալ տարբեր մայրաքաղաքների դռները թակելուն՝ փորձելով աջակցություն գտնել։ 

«Աշխարհը չի օգնելու մեզ, որովհետև իր համար ձմեռվա նախաշեմին Ադրբեջանը շատ ավելի կարևոր է։ Հետեւաբար, Եվրոպական միության, Ամերիկայի Միացյալ Նահանգների գերխնդիրն է ամեն գնով հասնել, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Իրենց ընդհանրապես չի հետաքրքրում խաղաղությունը, դրա փոխարեն փորձում են հասնել Ադրբեջանի համար ընդունելի խաղաղության պայմանագրի ստորագրմանը, որպեսզի այն կրկնապատկի գազի առաքման ծավալները Եվրոպական միություն և ավելի հարմար գին սահմանի ԵՄ սպառողների համար։ Սա է ընդհանուր խնդիրը։ Պետք է դադարել բախել տարբեր մայրաքաղաքների դարպասները, կենտրոնանալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վրա, փորձել ամեն ինչ անել այդ ֆորմատը վերականգնելու համար, որովհետեւ, կարծես թե, ֆորմատը մոռացության է մատնված։ Եվ նաեւ հիմքում դնել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի քարտեզները», - եզրափակեց Գրիգոր Բալասանյանը։

--00--ԱՀ