Տեր-Պետրոսյանը Ցյուրիխյան արձանագրությունների մասին որևէ դատողություն չի արել․Մուսինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

դս

ՀՀ Առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը հանդես է եկել հայտարարությամբ․

«ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի երեկվա հայտարարության մեջ նշված է. «Ինչ վերաբերում է Ցյուրիխյան արձանագրությունների և հայ-թուրքական հաշտության հնարավոր պայմանագրի վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի դատողություններին, ապա դրանք անընդունելի են, իսկ այդ գործընթացների համեմատությունը բացարձակապես տեղին չէ»:

Այսպիսի պնդումն ամենևին կապ չունի Տեր-Պետրոսյանի ասածի հետ, որովհետև նա Ցյուրիխյան արձանագրությունների մասին որևէ դատողություն չի արել: Այլ ընդամենն ասել է հետևյալը. «Հասկանալի է, որ նմանատիպ նախագծեր երկուստեք պատրաստվում են նաև հայ-թուրքական հարաբերությունների հաշտությանն ուղղված դիվանագիտական շփումների հարթակում: Այս պարագայում, անշուշտ, մեծ անակնկալներ չեն սպասվում: Հայ-թուրքական հաշտության պայմանագիրն, ըստ էության, շատ չի տարբերվելու Դավութօղլուի և Նալբանդյանի միջև 2009թ. հոկտեմբերի 10-ին կնքված Ցյուրիխյան արձանագրություններից»: Ինչ վերաբերում է Ցյուրիխյան արձանագրությունների առնչությամբ Տեր-Պետրոսյանի դատողություններին, ապա դրանք արտահայտված են Հայ Ազգային Կոնգրեսի 2009թ. սեպտեմբերի 2-ի հայտարարության մեջ: Կոնգրեսը դրական է գնահատել Ցյուրիխյան արձանագրությունները՝ կտրականապես դեմ լինելով նրանցում տեղ գտած ընդամենը մեկ կետի, որը վերաբերում է հայ և թուրք պատմաբանների համատեղ հանձնաժողովի ստեղծմանը:

Առաջին նախագահի երեկվա արձագանքից շատերը եզրակացրել են, թե նա դրանով վիժեցրեց իշխանության և ընդդիմության միջև երկխոսության կայացման հնարավորությունը: Նրանք պարզապես չեն հասկացել, որ այդ գործընթացն արդեն իսկ վիժեցվել էր Ռոբերտ Քոչարյանի գրեթե 3 ժամ տևած ասուլիսի և Նիկոլ Փաշինյանի՝ հաջորդ օրը տված երկժամյա հարցազրույցի հետևանքով: Դրանց արդյունքը, փաստորեն, հետևյալն է. Քոչարյանի նպատակն ամեն գնով Փաշինյանի իշխանության տապալումն է, իսկ Փաշինյանի նպատակը՝ ամեն գնով իր իշխանության պահպանումը: Սրանով, ըստ էության, նրանք միաձայնությամբ հայտարարեցին, որ երկխոսության կայացմանը հասնելու կամուրջներն այրված են»,- ասված է հայտարարությունում:

--00—ԻԴ