Եռաբլուրի բռնության գործով 6 ծնող տուժող է ճանաչվել․ ՔԿ-ն չի կարողանում պարզել բռնարար ոստիկաններին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

09850000

Եռաբլուր զինվորական պանթեոնում ոստիկանության ծառայողների կողմից ուժի կիրառմամբ բերման ենթարկված զոհված զինծառայողների ծնողներից վեցն արդեն տուժող են ճանաչվել՝ քրեական վարույթի շրջանակներում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության օրը վաղ առավոտյան ոստիկանության ծառայողներն անհամաչափ բենի ուժի գործադրմամբ «Եռաբլուր»-ից բերման են ենթարկել 37 քաղաքացու՝ զոհված զինծառայողների ծնողներին, որոնք ցանկանում էին թույլ չտալ Նիկոլ Փաշինյանին՝ մուտք գործել պանթեոն՝ նշելով, որ իրենց որդիների մահվան մեղավորը չի կարող մուտք գործել Եռաբլուր։

Ոստիկանությունից հայտնել են, որ նրանք բերման են ենթարկվել՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար, թեեւ տեսանյութերում պարզ երեւում է, որ ոստիկանները որեւէ պահանջ չեն ներկայացրել, նախ ուժի գործադրմամբ բերման են ենթարկել հայրերին, ապա նաեւ՝ մայրերին։ Ոստիկանների գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների մայրերից հինգը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով։

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ վեց ծնող արդեն տուժող է ճանաչվել, վարույթի շրջանակներում պետք է հարցաքննվեն ընդհանուր առմամբ 37 ծնող։ Տուժող կճանաչվեն այն ծնողները, ում նկատմամբ ոչ իրավաչափ բռնություն է կիրառվել՝ առանց իրավական պահանջ ներկայացնելու։ Ծնողների և ոստիկանության ծառայողների միջև առերես հարցաքննություն դեռևս տեղի չի ունեցել։

Անցած երկու շաբաթվա ընթացքում ՔԿ-ին «չի հաջողվել» պարզել, թե ովքեր են բռնություն գործադրել ծնողների նկատմամբ, թեեւ համացանցը հեղեղված է նրանց վերաբերյալ տեսանյութերով։

--00—ԶՀ