Սեպտեմբերյան զոհերի մարմինները ԴՆԹ հետազոտություն են անցնում. չեմ կարող ասել` քանի մարմին կա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով զոհված հայ զինծառայողների մարմինները կամ մասունքներն այս պահին արտասահման ուղարկելու կարիք չկա։ Այս մասին կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Այս պահին որևէ կարիք չունենք արտասահմանյան բժշկական կենտրոնների կամ հետազոտական կենտրոնների հետ աշխատելու, մեր տեխնիկական հագեցվածությունն ամբողջությամբ բավարարում է իրականացնելու հետազոտությունները։ Որոշները դեռ ընթացքի մեջ են, առաջիկայում կունենանք բոլոր հետազոտությունների պատասխանները»,-ասաց նախարարը։

Թե քանի մարմին կամ մասունք կա, որ դեռ ինքնությունը պարզված չէ՝ նախարարը հրաժարվեց թիվ ներկայացնելուց։

«Հետազոտություններ կան, որ դեռ ընթացքի մեջ են, դեռ ամբողջ հետազոտական պրոցեսը չենք ավարտել», - նշեց Ավանեսյանը։

Նա ասաց, որ ամբողջական պատկեր ունենալու համար ԴՆԹ հետազոտություն է իրականացվում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաև ԱԹՍ-ներ: 

Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԶՀ