Բաքուն իր զինծառայողների հրեշավոր վայրագություններն արդարացնելու համար  անհեթեթություն է հորինել․ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

7d9308a2-8d7b-433d-838c-a999a6efd1cc.jpg

Ադրբեջանը, փորձելով ինչ-որ բացատրություն գտնել ողջ աշխարհով տարածված սարսափելի տեսանյութին, որտեղ ադրբեջանցի զինծառայողները գնդակահարում են զինաթափված հայ զինծառայողներին, երկրի գլխավոր դատախազության միջոցով այսօր մի անհեթեթություն է տարածել, ըստ որի՝ իբր «ադրբեջանական կողմին է փոխանցվել 6 ադրբեջանցի զինծառայողի մարմին, որոնց տանջամահ են արել այն հայ զինծառայողները, որոնք պատկերված են հիշյալ տեսանյութում»։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

Գրեթե ողջ քաղաքակիրթ աշխարհից հնչած դատապարտումներն ու հետաքննություն անցկացնելու կոչերն ընդունելու փոխարեն՝ պաշտոնական Բաքուն փորձում է արդարացումներ գտնել իր զինծառայողների կողմից իրականացված հրեշավոր վայրագություններին։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ադրբեջանցի զինծառայողների մարմիններ ադրբեջանական կողմին չեն փոխանցվել, իսկ Ադրբեջանի գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունը կոչված է կոծկել Ադրբեջանի ԶՈՒ կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները։

--00—ԶՀ