Հումանիտար ականազերծման կենտրոնի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջև կնքվել է հուշագիր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

 

Հոկտեմբերի 6-ին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր՝ հումանիտար ականազերծման ոլորտում համագործակցության ամրապդման, հակամարտությունների հետևանքով տուժած համայնքներին օգնության ցուցաբերման և առկա ռիսկերի առաջնահերթությունների մասին տեղեկատվության օպերատիվ փոխանակման վերաբերյալ։

ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Հուշագիրը ստորագրել են «ՀԱՓԿ» ՊՈԱԿ տնօրեն Վաղինակ Սարգսյանը և Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն և տնօրենի պաշտոնակատար Նաննա Սկաուն։ Հուշագրի ստորագրմանը ներկա էին նաև ՊՀԾ տարածաշրջանային բյուրոյի արտակարգ իրավիճակների հարցերով համակարգողներ Էրին Բլանքենշիփը և Լուք Իրվինգը։

 «ՀԱՓԿ» ՊՈԱԿ տնօրեն Վաղինակ Սարգսյանն իր խոսքում վստահություն է հայտնել, որ համագործակցությունը կունենա դրական արդյունք և կնպաստի համատեղ կարողությունների զարգացմանը։

- Կարևորում եմ երկուստեք տեղեկատվության փոխանակման անհրաժեշտությունը, քանի որ դրա շնորհիվ հնարավորություն կընձեռնվի առավել ճշգրիտ որոշել աղտոտված տարածքների առաջնահերթությունը, հաշվի առնելով դրանց ազդեցությունը բնակավայրերի սոցիալ-տնտեսական զարգացման վրա։ Դրական եմ համարում հուշագրով նախատեսվող ՊՀԾ մասնագետների համար «ՀԱՓԿ» ՊՈԱԿ ուսումնական կենտրոնում «Պայթուցիկ զինամթերքի վտանգավոր ազդեցությունը» թեմայով դասընթացներ կազմակերպելու վերաբերյալ պայմանավորվածությունը։ Հուսով եմ՝ մասնագիտական կրթություն ստացած ՊՀԾ աշխատակիցները մարզային այցելությունների ժամանակ հնարավորություն կունենան տեղի բնակիչներին գիտելիքներ փոխանցել անվտանգ վարքագծի կանոնները պահպանելու անհրաժեշտության մասին,- նշել է Վաղինակ Սարգսյանը։

Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն և տնօրենի պաշտոնակատար Նաննա Սկաուն իր հերթին ընդգծել է․

- Ուրախ ենք ստորագրել փոխըմբռնման հուշագիր «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ։ Մեր սերտ համագործակցությունը թույլ կտա միավորել ջանքերը՝ ապահովելու սահմանամերձ շրջանների բնակչությանը մշակել անվտանգ հողեր, ստանալ առողջ սնունդ, ինչպես նաև նրանց իրազեկել հնարավոր ռիսկերի մասին։ ՊՀԾ-ն պատրաստակամ է համագործակցել «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի հետ՝ ականներից տուժածներին, նրանց ընտանիքներին օգնություն ցուցաբերելու, ապրելակերպը բարելավելու, ինչպես նաև, ազդեցության գնահատում իրականացնելու գործում, «ՀԱՓԿ» ՊՈԱԿ կարողությունները զարգացնելու համար։

Հանդիպման ավարտին «ՀԱՓԿ» ՊՈԱԿ տնօրեն Վաղինակ Սարգսյանն առանձնազրույց է ունեցել հանդիպմանը մասնակից Էրին Բլանքենշիփի և Լուք Իրվինգի  հետ․ քննարկվել է համագործակցության ընդլայնման հնարավորությունը։

--00—ԼՄ