Բաքվի հետ բանակցելուն կողմ ենք, եթե Արցախը որպես լիիրավ կողմ համարվի և դա հիմնավորվի փաստաթղթով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News 

սդֆ
          

Նորություն չէ, որ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է Արցախը ճանաչել իր կազմում։ Այս մասին 24News-ին ասաց Արցախի Ազգային ժողովի «Ազատ հայրենիք - ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթում հրապարակված, ադրբեջանական կողմի ենթադրյալ պահանջներից մեկին։

Հոկտեմբերի 3-ին ՀԺ-ում հրապարակվել էր «Ի գիտություն Վեհափառ հայրապետի, 3 նախագահների և փորձագիտական հանրության. ի՞նչ է ուզում Ադրբեջանը» վերտառությամբ հոդվածը։ Այնտեղ որպես ադրբեջանական 5 պահանջից մեկը նշված էր «Լեռնային Ղարաբաղի ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որեւէ` նույնիսկ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով»: Երեկ ՀՀ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրել էր Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մեջ՝ հղում անելով Ստամբուլյան պարտիան, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող Մադրիդյան փաստաթղթին։

Պատգամավոր Արթուր Հարությունյանի կարծիքով՝ Փաշինյանը խոսքերն ընդհանրապես հիմնավորված չեն։ «Մադրիդյան փաստաթուղթը չի ստորագրվել, ընդամենը աշխատանքային փաստաթուղթ է։ Չստորագրված փաստաթղթի վրա հղում անելը չի կարող հիմնավորում լինել», - պարզաբանեց Հարությունյանը։

Հարությունյանը խուսափեց գնահատականները տալ Արցախի շուրջ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությանը, սակայն անդրադարձավ Փաշինյանի՝ Հ1-ին տված հարցազրույցում հնչած այն մտքին, որ Ադրբեջանի հետ պետք է բանակցեն Արցախի ժողովուրդը և ընտրված ներկայացուցիչները։

 «Վերջին շրջանում Արցախի Անվտանգության խորհրդի նիստի հայտարարությունն ամբողջությամբ Ղարաբաղի իշխանությունների դիրքորոշումն է։ Եթե բանակցությունների ընթացքն այնպես է գնում, որ Հայաստանը որպես բանակցող չի լինելու, լինելու է Արցախը, ապա պետք է դա փաստաթղթով հիմնավորվի։ Այսինքն՝ ընդունված լինի և՛ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի, դրանում ընդգրկված երկրների կողմից, և՛ Ադրբեջանի կողմից։ Եթե Արցախն ամբողջապես լիիրավ կողմ ընդունվի, իհարկե, մենք կողմ ենք անմիջապես բանակցելուն։ Բայց եթե դա արվում է պատասխանատվությունից խուսափելու, լիազորություններ չկատարելու համար, շատ վտանգավոր է», - ասաց Հարությունյանը։

«Երեկ դրա մասին Արարատ Միրզոյանն էլ էր խոսում, որ փորձում են Ստեփանակերտի և Բաքվի միջեւ ուղղակի բանակցությունների փուլ սկսել։ Այսինքն՝ կողմ ենք դրան, բայց որպես լիիրավ կողմ, միջազգային հանրության, Մինսկի խմբի համանախագահության երկրների կողմից ընդունվելու պարագայում, այսինքն՝ նաև համանախագահների երաշխավորմամբ», - եզրափակեց արցախցի պատգամավորը։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ