Իսպանիայի Կոնգրեսը միաձայն ընդունել է հայ ժողովրդին զորակցության հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

7

Իսպանիայի Կոնգրեսը հոկտեմբերի 6-ի լիագումար նիստում միաձայն ընդունել է հայ ժողովրդին զորակցության հայտարարություն՝ վերահաստատելով իր անհանդուրժողականությունը ռազմական գործողությունների նկատմամբ։ Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը ներկայացրել է հայտարարությանը տեքստը, որին աջակցել են անդամ բոլոր 350 պատգամավորները:

Հայտարարությունում ասվում է.

«Հաշվի առնելով սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից Հայաստանի Գորիս, Սոթք և Ջերմուկ բնակավայրերի հայկական դիրքերի ուղղությամբ հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ իրականացված ագրեսիան, որը հանգեցրել է առնվազն 207 հայ զինծառայողների մահվան`

«Պատգամավորների Կոնգրեսը. 

  1. Վերահաստատում է իր անհանդուրժողականությունը ռազմական գործողությունների նկատմամբ, որոնք ներկայացնում են միջազգային իրավունքի լուրջ խախտում` համարելով դրանք չարդարացված ագրեսիաներ, որոնք խաթարում են տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը:
  2. Խթանում է կողմերի ստորագրած հրադադարի պահպանման հանձնառությունը միջազգային հարաբերությունների շրջանակներում։
  3. Հայտնում է համերաշխություն ու զորակցություն Հայաստանին և իր ժողովրդին: Ցավում ենք երկու կողմերի մարդկային կորուստների համար, հայտնում ենք մեր խորին վշտակցությունը զոհերի և բնակչության անհարկի տառապանքների համար։ Այս զգացումներն ուղղում ենք նաև Իսպանիայի հայ համայնքին։
  4. Աջակցում է ԵՄ Բարձր ներկայացուցչի և Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցչի ջանքերին, որոնք կարևոր դեր ունեն հրադադարի համաձայնության պահպանման մշտադիտարկման գործընթացում և նպաստում են հակամարտության բանակցային, ընդհանուր և տևական լուծման փնտրմանը:
  5. Կոչ է անում կողմերին հարգել միջազգային իրավունքը, վայր դնել զենքերը և վերսկսել դիվանագիտական բանակցությունները՝ այդպիսով վերահաստատելով, որ այս դիրքորոշումը այս բարդ և պատմական վեճի միակ կենսունակ և տևական լուծումն է:
  6. Կոչ է անում ԵՄ-ին կրկնապատկել ջանքերը՝ նպաստելու դիվանագիտական միջոցներով դեէսկալացիային և խաղաղության պահպանմանը»:

--00—ԻԴ