«Փյունիկ»-ը 2-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Ժալգիրիս»-ի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News 

․

ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության երրորդ տուրի շրջանակներում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցավ «Փյունիկ»-«Ժալգիրիս» հանդիպումը։ «Փյունիկ»-ը սեփական հարկի տակ վստահ հաղթանակ տոնեց մրցակցի նկատմամբ։ Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը։

Առաջին խաղակեսը հիմնականում անցավ երևանյան ակումբի առավելությամբ։ «Փյունիկ»-ն ավելի սուր գրոհներ էր ձեռնարկում՝ մրցակցին գրեթե որևէ հնարավորություն չտալով։ Դրվագներից մեկում «Ժալգիրիս»-ի ֆուտբոլիստները կարողացան գոլ խփել, սակայն մրցավարը չհաշվեց գոլը հարձակվող թիմի ֆուտբոլիստի կողմից ձեռքով խաղի պատճառով։

«Փյունիկ»-ն առաջին խաղակեսոը շատ վստահ անցկացրեց՝ կառուցելով գրագետ պաշտպանություն և կազմակերպելով վտանգավոր գրոհներ։ Երևանյան ակումբը բազմաթիվ սուր գրոհներ անցկացրեց, սակայն երկար ժամանակ թիմի մոտ չէր ստացվում բացել խաղի հաշիվը։ Ի վերջո, առաջին խաղակեսի վերջնամասում «Փյունիկ»-ը կարողացավ գոլ հեղինակել։ Թիմի հերթական դիրքային գրոհի ժամանակ Ալեքսանդեր Գոնսալեսի փոխանցումից հետո գերազանց գործեց Ժունինյոն, ով կարողացավ գեղեցիկ հնարքով շրջանցել իրեն հսկող պաշտպանին ներխուժել տուգանային հրապարակ ու դարպասապահի ոտքերի արանքով գնդակն ուղարկել մրցակցի դարպասը։

Երկրորդ խաղակեսում «Ժալգիրիս»-ը որոշակի ակտիվություն էր փորձում դրսևորել, սակայն «Փյունիկ»-ը շարունակում էր վստահ խաղը պաշտպանությունում, իսկ հակագրոհելիս հայկական թիմը շատ վտանգավոր էր։

61-րդ րոպեին «Փյունիկ»-ը երկրորդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը։ Անկյունայինի խաղարկումից հետո Հովհաննես Հարությունյանը գեղեցիկ փոխանցում կատարեց տուգանային հրապարակ, իսկ Յուսուֆ Օտուբանջոն գլխի հարվածով գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը։

Երկրորդ գոլն ընդունելուց «Ժալգիրիս»-ը, կարծես, թևաթափ եղավ։ Չնայած մի քանի հուսահատ փորձերին՝ «Ժալգիրիս»-ը մեծ հաշվով ոչինչ չառաջարկեց մրցակցին։ Խաղի վերջնամասում «Փյունիկ»-ը կրկին վտանգավոր մի քանի պահ ունեցավ, սակայն հաշվի մեջ փոփոխություն տեղի չունեցավ։ Խաղն ավարտվեց 2-0 հաշվով։

Այս խաղից հետո «Փյունիկ»-ը վաստակեց 6 միավոր և խմբում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։ Նույնքան միավոր ունի նաև «Բազել»-ը, որը երրորդ տուրի իր հանդիպումը դեռ չի անցկացրել։ «Սլովան»-ն ու «Ժալգիրիս»-ը ունեն 1-ական միավոր։

--00--ԱՀ