Ինչպե՞ս հավատալ․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News 

ю

«Հրապարակ» թերթը գրում է. «Այնքան հաճախ ու այնքան շատ են մեզ խաբել, մանիպուլացրել փաստերն ու խեղաթյուրված ներկայացրել հանրությանը, որ մենք այլեւս ոչ մեկի խոսքին չենք հավատում։ Ուզում է հազար անգամ ու ամենաբարձր ամբիոններից ասեն, որ միջանցք չի լինելու, ճանապարհների ապաշրջափակում է լինելու, ադրբեջանցիների պահանջը՝ միջանցք ունենալու, չի կարող բավարարվել, խաղաղություն է հաստատվելու այս տարածաշրջանում, միեւնույն է՝ հայ մարդը չի հավատում ո՛չ երդումներին, ո՛չ խոստումներին։ Չի հավատում, որովհետեւ 2 տարվա մեջ մենք կորցրել ենք մաքուր հայկական Գորիս-Կապան մայրուղին եւ հաշտվել ենք Տաթեւի անբարեկարգ ու նեղլիկ ճանապարհով երթեւեկելու մտքի հետ։

Կորցրել ենք Լաչինի միջանցքն ու կիսագրունտային ճանապարհով ենք գնում Արցախ։ Շատերն անգամ չեն էլ գնում՝ ո՛չ Արցախ, ո՛չ Կապան, ո՛չ Մեղրի, որ վատ ճանապարհի, թուրքի դրոշների ու հենակետերի հետ չառերեսվեն։ Մեզ ժամանակին ասել են, որ Արցախը Հայաստան է, հիմա պարզվում է՝ Ադրբեջան է, եւ մենք պետք է հաշտվենք այն մտքի հետ, որ 30 տարվա մեր տառապանքները զուր են եղել։

Ասել են՝ 2020-ի պատերազմի ավարտից հետո կողմերը մնում են այն բնագծերում, որտեղ հայտնվել է յուրաքանչյուրի բանակը, սակայն 2 տարվա մեջ թշնամու բանակը կիլոմետրերով առաջ է եկել։ Ասել են, որ Արցախն ու 7 շրջաններն այլ կարգավիճակ ունեին, եւ միջազգային հանրությունը կարող էր մատների արանքով նայել այդ տարածքների գրավմանը, իսկ Հայաստանը սուվերեն պետություն է՝ ՄԱԿ-ի ու ՀԱՊԿ-ի անդամ, Ադրբեջանն ու Թուրքիան հո ինքնասպան չե՞ն՝ հարձակվեն ՄԱԿ անդամ երկրի վրա։ Ասել են, որ Ադրբեջանն ընդամենը 7 շրջաններն ու Արցախն է ուզում, նրան Հայաստանը պետք չէ, սակայն պարզվում է, որ Ջերմուկը, Վարդենիսն ու Սեւանը գրավելն էլ է մտնում նրա պլանների մեջ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ

Տեսանյութեր