Վստա՞հ ենք, որ ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրում միջանքի հարցը ներառված չէ. թուրքագետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

ե

           

Եթե Թուրքիան Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման նախապայմանը չունենար, Հայաստանի հետ սահմանները վաղուց էին բացվել։ Այս մասին 24News-ին ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը՝ անդրադառնալով Էրդողան-Փաշինյան հանդիպմանը։

Երեկ Չեխիայի Հանրապետության մայրաքաղաք Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպման շրջանակներում հանդիպել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Փաշինյան-Էրդողան բանակցություններից հետո ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում հայտարարություն էր տարածվել, ըստ որի՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման համատեքստում երկուստեք կարևորվել են ուղիղ շփումներն ու բարձր մակարդակի հանդիպումները, քննարկվել են հարաբերությունների կարգավորման գործընթացը և այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը: «Շեշտվել է երկու երկրների հատուկ ներկայացուցիչների քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների շուտափույթ իրականացման անհրաժեշտությունը: Մասնավորապես, խոսքը վերաբերում է երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացմանը, Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացմանը: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային գործընթացների շուրջ», - նշված էր հաղորդագրության մեջ:

Հանդիպմանը հաջորդած ասուլիսին Էրդողանն ասել էր, որ Թուրքիան որևէ նախապայման չի առաջադրում հարաբերությունների կարգավորման համար։ «Մենք ուղղակի ասացինք, որ հենց ձեր և Ադրբեջանի միջև հարաբերությունները հասնեն զարգացման որոշակի մակարդակի և դուք խաղաղության պայմանգիր կնքեք Ադրբեջանի հետ, մեզ հետ որևէ խնդիրն չի լինի։ Եթե դռները պետք է բացվեն, կբացենք մեր դռները՝ օդային, ցամաքային և երկաթուղային ճանապարհները», - հայտարարել էր Թուրքիայի նախագահը։

Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի խոսքերով՝ Էրդողանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թեմայով 2 տարբեր հայտարարություններ արեց։ «Առաջինն օրակարգային, ստանդարտ, դիվանագիտական հայտարարություն էր, որ իրենք կողմ են Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը․ դիվանագիտական մեսիջ։ Իսկ երկրորդ հայտարարությունը պատասխանն էր հայ լրագրողի հարցին, թե ինչ նախապայմաններ ունի Թուրքիան հարաբերությունների կարգավորման համար։ Հենց այս հարցի պատասխանում բառացի ասաց, որ նախապայման չկա։ Սակայն անուղղակի նախապայման նշեց Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ որպես Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման սկիզբ», - պարզաբանեց թուրքագետը։

«Էրդողանը շեշտեց մեկ նախապայմանի մասին։ Այսինքն՝ նա ասաց, որ մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև չկնքվի խաղաղության պայմանագիր, Հայաստանը սահմանների բացման մասին պետք է մոռանա։ Եթե Թուրքիան չունենար այդ նախապայմանը, վաղուց սահմաններն էլ էին բացվել։ Որևէ բան քննարկելու, որևէ բան անելու կարիք չկա, Թուրքիան միակողմանի փակել է սահմանը, միակողմանի կարող է բացել։ Այս ամենը չտեսնելու համար շատ, շատ միամիտ պետք է լինել և որևէ կապ չունենալ քաղաքականության հետ», - հավելեց Անդրանիկ Իսպիրյանը։ 

Հարցին՝ Թուրքիան չի՞ բարձրացնի Հայաստանով Ադրբեջանը Նախիջևանին կապող միջանցքի հարցը, Իսպիրյանը պատասխանեց․ «Երբ որ ասում են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր, ինչքանո՞վ ենք վստահ, որ դրա մեջ չկա միջանքի հարցը»։

Տեսանյութեր