Դավիթ Բաբայանը իրատեսական չի համարում Ստեփանակերտ-Բաքու ուղիղ բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

նկար

Ադրբեջանի հետ որևէ փաստաթուղթ ստորագրելուց առաջ, եթե ոչ առանձին փաստաթղթով, ապա առնվազն մի ձևով պետք է արձանագրվի, ընդգծվի, որ այն չի տարածվում Արցախի վրա: Միանշանակ, Ադրբեջանի կազմում լինելու ցանկացած տարբերակ մեզ համար անընդունելի՝ ով ուզում է դա ստորագրի: Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:

«Պետք է վստահ լինենք, հստակ իմանանք, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը չի տարածվելու Արցախի վրա: Քանի դեռ որևէ հստակ բան չկա, սպասենք, բայց վաղ թե ուշ այդ հարցի պատասխանը պետք է տան: Կանգնած ենք օրհասական, միգուցե՝ ողբերգական զարգացումների շեմին: Պարտավոր ենք լինել սկզբունքային՝ բացառելով Արցախն Ադրբեջանի կազմում ընդգրկելու ցանկացած տարբերակ: Եթե այդ սկզբունքն անխախտ պահենք և ճիշտ մոտեցում դրսևորենք, ապա ամեն ինչ նորմալ կարող է լինել»,-ասաց Բաբայանը:

Արցախի ատգործնախարարը Ստեփանակերտ-Բաքու ուղիղ բանակցություններն առնվազն ներկա դրությամբ իրատեսական չի համարում, բայց վերահաստատում է՝ Արցախը պատրաստակամ է բանակցել Արդբեջանի հետ, եթե, նախ և առաջ, վերականգնվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը.

«Եթե վերականգնվի այդ ձևաչափը, որտեղ Արցախը միջազգայնորեն ճանաչվել է և՛ որպես բանակցությունների կողմ, և՛ որպես հակամարության կողմ, ուրեմն կարող ենք Ադրբեջանի հետ բանակցել՝ իհարկե, Մինսկի խմբի անդամ երկրների մասնակցությամբ»:
Բաբայանը շեշտում է՝ քանի դեռ այդ հնարավորությունը չկա, ու առանձապես մեծ հույս էլ չկա, որ մոտակա ժամանակներս կլինի, Հայաստանը՝ որպես Արցախի անվտանգության երաշխավոր, պետք է կատարի իր պարտավորությունը:

«30 տարի է՝ բանակցություններն ընթանում են, իսկ ո՞ վ է ասել, թե այդ գործընթացը շուտ է վերջանալու: Ու խնդիրն այնքան ուղիղ կամ անուղղակի բանակցելու մեջ չէ, որքան որ՝ Արցախի ճակատագրի հարցում մեր ունեցած դիրքորոշումը սկզբունքորեն առաջ տանելու, քանի որ դրանից է կախված մեր ապագան: Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը կործանարար է լինելու ողջ հայության համար. վերջնականապես բարոյազրկվելու ենք, կորցնելու ենք պետություն ունենալու և, առհասարակ, ապրելու իրավունքը»,-շեշտում է Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը:

Հիշեցնենք, որ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազույցում Նիկոլ Փաշինյանը նշել է, թե Ղարաբաղի հարցով հիմնական բանակցողը պետք է լինի Արցախը: Նա, մասնավորապես, ասել է. «Հայաստանը և Ադրբեջանը կարող են փոխադարձաբար ճանաչել և պիտի փոխադարձաբար ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը։ Իսկ Ղարաբաղի հարցի քննարկման հիմնական շահառուն պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը՝ իր ընտրված ներկայացուցիչների միջոցով»։ Իսկ նախօրեին՝ Պրահայում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարի մասնակցությամբ կայացած քառակողմ հանդիպումից առաջ Իլհամ Ալիևը կրկին հոխորտացել է. «Ղարաբաղի հայերը մեր քաղաքացիներն են, և մենք կորոշենք՝ երբ և ինչպես նրանց հետ խոսել»:

--00—ԼՄ