Ադրբեջանի կողմից ոտնձգությունների դադարեցումը հրամայական է Պրահայի հայտարարության  համատեքստում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

․

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը պատասխանել է «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին: Հարց ու պատասխանը՝ ստորև.

Հարց. Պրահայում քառակողմ հանդիպումից հետո ընդունվել է հայտարարություն, ըստ որի Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Ադրբեջանը պետք է հետ քաշի իր զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից, որտեղ ադրբեջանցիները ներխուժել են 2021 թվականի մայիսին, նոյեմբերին և 2022 թվականի սեպտեմբերին: 

Պատասխան. Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխան տարածքը սակարկման ենթակա չեն: Պրահայում քառակողմ հանդիպումից հետո ընդունված հայտարարության մեջ հայկական կողմի այս դիրքորոշման ամրագրումը ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնման տեսանկյունից կարևոր քայլ ենք համարում: Ինչ վերաբերում է ադրբեջանական զինված ուժերի` ՀՀ ինքնիշխան տարածքից դուրսբերմանը, Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունների դադարեցմանն ու հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանմանը, դրանք հրամայական են ցանկացած պարագայում, Պրահայի հայտարարության  համատեքստում՝ հատկապես։

Նաև, Հայաստանի ու Ադրբեջանի կողմից իրենց հանձնառության հաստատումը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին հիմք կհանդիսանա երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի մշակման, ինչպես նաև սահմանազատման աշխատանքների համար:

--00--ԱՀ