Դատավոր Մեսրոպ Մակյանը կնշանակվի Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

․

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, ԲԴԽ դատավոր-անդամ Մեսրոպ Մակյանը կնշանակվի Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր՝ որպես կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր։

ԲԴԽ նորընտիր նախագահ Կարեն Անդրեասյանը որոշում է ստորագրել՝ ՀՀ նախագահին ներկայացնելով Մեսրոպ Մակյանի թեկնածությունը վերոնշյալ պաշտոնում։

«Քննարկելով Վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավորի պաշտոնի թափուր տեղի առկայությունն ու այն համալրելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 127-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և նույն հոդվածի 3-րդ մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի թեկնածու Մեսրոպ Մակյանին առաջարկել Վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավորի պաշտոնի թափուր տեղում իր թեկնածությունը՝ Հանրապետության նախագահի նշանակմանը ներկայացնելու նպատակով»,- նշված է որոշման մեջ։

--00--ԱՀ