Խաղաղության պայմանագիրը մեզ ոչինչ չի տալու, դա կեղծ օրակարգ է, Ադրբեջանի նպատակը մեզ ոչնչացնելն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News           

ը

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը միանշանակ խաղաղության չի բերի: Այս մասին 24News-ին ասաց ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը։ 

Հակոբյանը դժվարացավ նշել՝ արդյոք խաղաղության պայմանագիր կկնքվի՞ մինչև տարվա վերջ․ «Ներքին ինֆորմացիա չունեմ, գուշակելն էլ դժվար է։ Փորձ կանեն իշխանությունները, սակայն Հայաստանի ներքին իրավիճակը թույլ կտա՞ կնքել, դժվար է ասել»։

Հոկտեմբերի 10-ին հայտնի դարձավ, որ հեռախոսազրույց են ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը։ Ըստ երկկողմ պաշտոնական տեղեկատվության՝ անդրադարձ է կատարվել խաղաղության պայմանագրի մշակման, սահմանազատման աշխատանքների իրականացմանն ու հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության ապահովմանը, Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների պաշտպանությանը: Բացի այդ, Բլինքենը թվիթերյան գրառմամբ նշել էր, որ բանակցված համաձայնագիրը տևական խաղաղության միակ ճանապարհն է։

Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանի խոսքերով, նույնիսկ քաղաքակրթական նույն մակարդակի երկրների դեպքում երբ որ ուժերի բալանսը խախտվում է, խաղաղություն չի լինում։ «Հայաստանը և Ադրբեջանը քաղաքակրթական տարբեր մակարդակների վրա են։ Ադրբեջանը փորձում է ընդհանրապես մեզ ոչնչացնել, այդ պայմանագիրը մեզ ոչինչ չի տալու։ Ալիևը կասի՝ «նենգամիտ հայերը սահմաններին սադրանքներ են անում, և ես պատժիչ գործողություն եմ իրականացնում»։ Հայաստանի իշխանությունները ժողովրդին ասելու են՝ «խաղաղության պայմանագիրը կնքեցինք, հիմա խաղաղություն կլինի, սահմաններին ոչ ոք չի զոհվի, ձեր երեխաները հանգիստ կծառայեն»։ Դրանից հետո, ցավով եմ ասում, զինվոր կզոհվի, ագրեսիա կլինի։ Սա կեղծ օրակարգ է, իշխանությունները դա ներկայացնում են որպես մեծ ձեռքբերում», - նշեց նա։

«Եթե դու թույլ ես, ոչինչ չի լուծվում։ Պատմությունից քիչ գիտե՞նք, որ ձևական պատճառով մի երկիրը հարձակվում է մյուսի վրա։ Ի՞նչն է խանգարելու Ալիևին։ 2 օր է՝ Ադրբեջանը հայտարարել է, թե հայերը կրակում են, մեր ՊՆ-ն էլ ասում է՝ «չենք կրակել»։ Մի 2 օր կհայտարարեն, Ալիևն էլ կասի՝ ««երկաթե բռունցքով» պատժիչ գործողություն իրականացրինք»։ Խաղաղության պայմանագրով մեր օկուպացված տարածքներն ենք ազատագրելո՞ւ, իհարկե ոչ։ Արդեն ադրբեջանական փորձագետներն ասում են՝ «դեմարկացիայի, դելիմիտացիայի փուլում տարածքների հարցը կլուծենք», - ընդգծեց փորձագետը։ 

Ըստ հայկական կողմի պաշտոնական հաղորդագրության՝ Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների համար միջազգային մեխանիզմի ստեղծմանը։

Մհեր Հակոբյանի խոսքերով, ԱՄՆ-ը բավականին լուրջ դերակատարում է վերցրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում․ «ԱՄՆ-ի միջոցով է խաղաղություն ապահովվում Հայաստանի հարավային սահմաններին և ընդհանրապես։ Ռուսաստանն Արցախում է գոնե խաղաղություն ապահովում, մնացած սահմանների վրա, ցավոք սրտի, դերակատարում չունի»։

Ըստ ռազմական փորձագետի՝ Բաքվի և Ստեփանակերտի միջև շփումներ հնարավոր են․ «Ալիևը 2-3 օր առաջ հայտարարեց, որ ոչ պաշտոնական շփումներ կան ջրի հետ կապված և այլն։ Նախ այդ շփումներով Ադրբեջանը փորձ է անում ռուսական ազդեցությունն Արցախում թուլացնել։ Պարզ է, որ ռուսական կողմը կուզենա, որ այդ շփումները չլինեն։ Ալիևը ամեն կերպ այդ շփումներին պաշտոնական տեսք չի տա, որովհետև դրանով իր «Ղարաբաղի հարցը լուծված է» կոնցեպտը կփլվի։ Ալիևը ամերիկացիներին «չէ» չասելու համար կփորձի շեշտադրել, որ ոչ պաշտոնական շփումներ կան»։ 

Ըստ Հակոբյանի՝ նաև որոշակի ցուգցվանգի մեջ է Ալիևը․ «Քանի որ մենք ոչ նախաձեռնողական վիճակում ենք, Ադրբեջանի դժվարությունները չեն երևում։ Որ պահին մենք նախաձեռնողական վիճակում եղանք, Ադրբեջանը միանգամից ասելու է, որ Արցախում ռուսական զորախմբի խնդիրը կա։ Հանկարծ պարզվելու է՝ ադրբեջանական կողմը շարունակում է զոհեր ունենալ, սեպտեմբերյան հարձակման ժամանակ իրենք էլ շատ զոհեր ունեցան։ Զոհերի մասին բարձրաձայն չի հայտարարվում, այդ դիակները գնում են միկրոմիջավայր՝ ընտանիքներում, շենքերում լարվածություն է առաջանում, մարդիկ նայում են՝ դեռ դիակներ են գալիս Ղարաբաղից։ Նույնիսկ Բաքվում դժգոհություններ են հնչում, որ «Ղարաբաղը մերն էր, հասկացանք, հիմա պատերազմ ես սկում ՀՀ տարածքի վրա, ինչպե՞ս ես պատասխան տալու ռազմական, իրավական առումով»»։

«Երբ Երևանը իդեաֆիքս է որդեգրել, խաղաղության պայմանագրի է ձգտում, ասում է՝ «սա էլ ձեզ, սա էլ ձեզ», Ադրբեջանի թույլ տեղերը չեն երևում։ Ադրբեջանը խնդիրներ ունի, ուղղակի մեր խնդիրներն ավելի շատ են։ Որ պահից որ խնդիրները քչացան, Ադրբեջանինը կերևան»,-եզրափակեց ռազմական փորձագետը։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ