Քեմալ Քըլըչդարօղլուն ԱՄՆ-ում հանդիպել է պոլսահայ Տարոն Աջեմօղլուի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

․

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր, քեմալիստական «Ժողովրդահանրապետական ​​կուսակցության» (CHP-ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն ԱՄՆ կատարած այցի ընթացքում հանդիպել է ամերիկաբնակ պոլսահայ տնտեսագետ Տարոն Աջեմօղլուի և այլ գիտնականների հետ։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։

Քըլըչդարօղլուն Twitter-ում հայտնել է, որ ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում կայացած հանդիպումների ժամանակ Թուրքիայի ապագայի մասին զրուցել են տնտեսագետներ Տարոն Աջեմօղլուի, Ջանան Դաղդևիրենի, Զեյնեփ Թոնի, Դանի Ռոդրիկի, Ասու Օզդաղլարի, Փընար Դողանի, Մեհմեթ Թոների, Գյոքհան Հոթամըշլըգիլի և Բիլգե Յըլդըզի հետ։

Քըլըչդարօղլուն մասնավորապես նշել է.

«ԱՄՆ-ում մեր ծրագրի տեսլականի շրջանակներում մենք հանդիպեցինք աշխարհահռչակ տնտեսագետ Տարոն Աջեմօղլուի հետ։ Մանրամասն խոսեցինք Թուրքիայի ապագայի և տնտեսությունը բարելավելու լուծումների մասին։ Մենք ոգեշնչվում ենք լուսավոր միտք ունեցող մարդկանցից Թուրքիայի Հանրապետության 2-րդ հարյուրամյակի մեր տեսլականի հարցում»:

Թուրք ընդդիմադիր կուսակցապետը կարևորել է հաճախակի հանդիպումներն անվանի գիտնականների հետ՝ իրենց անելիքները ավելի լավ պատկերացնելու և աշխարհաճանաչողությունն ընդլայնելու տեսանկյունից:

--00--ԱՀ