Մակրոնը փորձում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև գլխավոր միջնորդը դառնալ, իր խաղն է առաջ տանում․ քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Գ

Էմանուել Մակրոնը մեծացնում է իր և Ֆրանսիայի դերը միջազգային ասպարեզում, փորձում է գլխավոր միջնորդը դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև և իր խաղն առաջ տանել։ 

Ըստ Դանիելյանի՝ սա նույնպես միջազգային հարաբերություններում բնական ցանկություն է։

Հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը France 2 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, որ «Ռուսաստանի Դաշնությունը միտումնավոր սադրում է հայ - ադրբեջանական հակամարտությունը` Կովկասում և դրանից դուրս իրավիճակն ապակայունացնելու համար, «Մոսկվան թեժացնում է իրադրությունը Ադրբեջանի օգտին»:

Ի պատասխան Մակրոնի պնդումներին՝ ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինը հայտնել էր՝ «Զարմանքով կարդացի Մակրոնի հայտարարությունները Լեռնային Ղարաբաղում ՌԴ դերի մասին։ Ռուսաստանը միշտ անկեղծորեն ձգտել է կարգավորել ցանկացած հակամարտություն, այդ թվում ՝ Ղարաբաղում»։

ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ հայտարարել էր, որ Ֆրանսիայի նախագահի «անհեթեթ մտքերը վկայում են, որ Փարիզը շահագրգռված չէ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմամբ»։

Զախարովան նաեւ նշել էր, որ Մոսկվան խաղաղության ստանդարտ կոչերից բացի, ի տարբերություն Ֆրանսիայի, վճռորոշ ներդրում է ունեցել 44-օրյա պատերազմը կանգնեցնելու, Ղարաբաղում խաղաղապահներ տեղակայելու, փախստականներին վերադարձնելու, դիերը փոխանակելու գործում:

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի խոսքերով, գնալով Ռուսաստանի կախվածությունը Թուրքիայի Հանրապետությունից մեծանում է, որովհետև Եվրոպա դուրս գալու, իր գազը և էներգակիրները վաճառելու միակ դարպասը Թուրքիան է։ «Եվ պատահական չէր, որ Ռուսաստանի նախագահն առաջարկեց, որ ևս մի քանի գազամուղներ կառուցվեն դեպի Թուրքիա։ Բնականաբար, Թուրքիան և նրա հետ Ադրբեջանը որոշակի գին են ուզում դրա դիմաց։ Եվ այս փուլում, այդ գինը կարծես թե Հայաստանի հաշվին կարող է լինել։ Ռուսաստանը հիմա շատ թույլ է»։

Հոկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել էին Պրահայում՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կայացած «Եվրոպական քաղաքական համայնքի» առաջին հանդիպման շրջանակներում: Պաշոնական հաղորդագրության համաձայն՝ Հայաստան, ի թիվս այլնի, իր համաձայնությունն էր հայտնել՝ աջակցելու ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: «Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին, առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը», - նշված էր հաղորդագրության մեջ:

Հաջողվո՞ւմ է Ֆրանսիային իր դերը մեծացնել միջազգային ասպարեզում, ըստ Դանիելյանի՝ այո. «Եթե մենք դատենք՝ ինչ քայլեր է արել Ֆրանսիան և վերջին հանդիպումները, Հայաստանի և Ադրբեջանի միջև բնական միջնորդը Եվրոպական միությունն է և Ֆրանսիան, կամ Մակրոնը, և այնտեղ ինչ-որ համաձայնություններ են ձեռք բերվում»։ 

«Ռուսաստանն ըստ էության դուրս է մղվել միջնորդի դերից։ Եթե փորձում է ուշացած ձևով իր տարածքում հանդիպումներ կազմակերպել, ապա կարող ենք համարել, ապա այո, այս փուլում Մակրոնին հաջողվել է», - եզրափակեց քաղաքագետը։

 

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ