Անամոթ սուտ է, թե Ստեփանակերտը Բաքվի հետ բանակցում է, անվտանգային խնդրի քննարկումը բանակցություն չէ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Փաշինյանի հայտարարություններին չենք հավատում, նա փափուկ բարձ է դնում ժողովրդի գլխի տակ, Արցախը հանձնվում է, բայց ներկայացվում է որպես բանակցային հաջողված գործընթաց, որի փառքն այս իշխանություններին է: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց Արցախի Աժ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Պատգամավորը համոզված է՝ եթե «խաղաղության պայմանագրում» Արցախի մասին չի նշվում, սա նշանակում է, որ ՀՀ իշխանությունները Արցախը ճանաչում են որպես Ադրբեջանի մաս:

Խոսելով Պրահայի հանդիպման և Ստեփանակերտում իրականացվող հանրահավաքների մասին՝ պատգամավորը նշեց, որ Արցախում արդեն հասկանում են՝ ինչ է կատարվում, և երբ ժողովրդի մոտ պայքար է հասունանում, ՀՀ-ի արբանյակ ուժերը վերահսկում և ճնշում են այն:

«Հենց ժողովուրդը պահանջներ, հարցեր է ներկայացնում Արայիկ Հարությունյանին, նա արագ գալիս է Երևան ու երկու նկար, կարճ հաղորդագրություն է տարածում, որ ամեն ինչ լավ է, ժողովուրդ ջան, մի քիչ էլ սպասեք ու հանդարտացնում մարդկանց:

Արայիկ Հարությունյանը պետք է անկեղծ լինի, նա պարտավոր է միանալ ժողովրդին և պահանջ ներակայացնել ՀՀ-ին, որ Արցախը չհանձնեն, կամք դրսևորի և, հարկ եղած դեպքում, ղեկավարի ժողովրդական շարժումը»:

Պատասխանելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, որ Արցախի իշխանությունները բանակցում են Բաքվի հետ՝ Մետաքսե Հակոբյանը նշեց. «Անամոթ սուտ է, թե Ստեփանակերտը Բաքվի հետ բանակցում է, անվտանգային խնդիրների քննարկումը ռուս խաղաղապահների ներկայությամբ և միջնորդությամբ բանակցություն չի կարող համարվել, ով այդպես է համարում՝ կամ տգետ է, կամ ստախոս:

Պատերազմից հետո այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ խաղաղ բնակիչը չի կարողանում իր հողատարածքում հողագործական աշխատանք կատարել և երբեմն քննարկումների կարիք է առաջանում, դա Արցախի հարցի վերաբերյալ բանակցություն չի կարող համարվել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ