ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը Վաշինգտոնում կմասնակցեն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նախարարական համաժողովին։ Նրանց գործուղելու՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 20-ին կայացրած որոշումը հրապարակվել է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։
Որոշման մեջ նշված է.
«Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանին 2022 թվականի հոկտեմբերի 25-29-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն)` Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով»,- ասվում է որոշման մեջ։
Ըստ որոշման՝ Գնել Սանոսյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
«Ընդունել ի գիտություն, որ Հակոբ Վարդանյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին»,- ասվում է որոշման մեջ:
--00--ԱՀ