Ջորջթաունի համալսարանում քննարկվել են ՀՀ մարտահրավերները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏ 2, 24News

Վաշինգտոնի Ջորջթաունի համալսարանում հրավիրվել էր միջոցառում նվիրված Հայաստանի ժողովրդավարացման ու արտաքին մարտահրավերներին: Հրավիրված ամերիկահայ փորձագետներն իրենց տեսակետներն են կիսել միջոցառման ներկաների հետ, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»

Հայաստանում ժողովրդավարության զարգացման ներքին եւ արտաքին մարտահրավերների մասին քննարկում էր կազմակերպվել Վաշինգտոնի Ջորջթաունի համալսարանում տեղի հայ ուսանողների միության կողմից: Հրավիրված բանախոսներն էին քաղաքական վերլուծաբան Էմիլ Սանամյանն ու պրոֆեսոր Գրեգորի Աֆթանդիլյանը:

Խոսելով վերջին տարվա ներքաղաքական զարգացումների մասին՝ Էմիլ Սանամյանը կարեւորեց հետխորհրդային Հայաստանում ձեւավորված հանրային բողոքի մշակույթը:

«Հայաստանի հետխորհրդային շրջանում ունեցել ենք 5 ընդդիմադիր քաղաքական շարժումներ տարբեր ժամանակահատվածներում, որոնք մեծ մասամբ կապված են ընտրությունների հետ, երբ հանրությունը բողոքի ցույցի էր դուրս գալիս ղեկավարի ընտրության կամ վերընտրության դեմ: Հայաստանում այսպիսով ձեւավորվել էր բողոքի մշակույթ»,- նշում է Էմիլ Սանամյանը:

Քաղաքական վերլուծաբանի կարծիքով վերջին քաղաքական շարժման հաջողության հիմքում էր ընկած ընդդիմադիր նոր որակի առաջնորդի ի հայտ գալն ու արտաքին ուժերի՝ չեզոքության պահպանումը:

Գրեգորի Աֆթանդիլյանը կիսում է նոր առաջնորդի առկայության կարեւորությունը թավշյա հեղափոխության հաղթանակի հարցում: Դրա հետ մեկտեղ նա ընդգծում է Հայաստանում տեղի ունեցած սերնդափոխության կարեւորությունը եւ ակտիվ երիտասարդության դերը:

«Մենք ունեցել ենք սերնդափոխություն: Առաջ են եկել երիտասարդներ, որոնք չեն ցանկանում դառնալ Հայաստանից ուղեղի արտահոսքի մի մաս: Նրանք մարտահրավեր են նետել նախորդ իշխանություններին, քանի որ ըստ իրենց, գործող ռեժիմը համահունչ չէր արձագանքում իրենց պահանջներին»,- ասում է պրոֆեսոր Աֆթանդիլյանը:

Հետհեղափոխական Հայաստանի արտաքին քաղաքականության եւ այլ երկրների հետ հարաբերություններին անդրադառնալով՝ բանախոսները համամիտ են, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը նոր իշխանությունների օրոք լուրջ փոփոխություններ չի կրել, ներառյալ տարածաշրջանային զարգացումներում:

«Այս իշխանությունները ժառանգել են նույն երկիրը, նույն խնդիրներով, սահմաններով, չկարգավորված հակամարտությամբ եւ անկայուն տարածշրջանով: Վերջին 25 տարիների մշտական մարտահրավերն է Արեւմուտքի լուրջ աջակցությանը հասնելու դժվարությունները»,- նշում է Սանամյանը:

«Աշխարհաքաղաքական առումով Հայաստանի արտաքին քաղաքականությունը մեծ փոփոխությունների չի ենթարկվել: Փոխվել են միայն Արեւմուտքի հետ հանրային կապերը»,- ընդգծում է Աֆթանդիլյանը:

Սանամյանը սակայն արձանագրում է որոշ բացասական փոփոխություններ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերում: Մասնավորապես, Փաշինյանի վարչակազմը ստիպված էր գնալ որոշակի զիջումների Ռուսաստանին եւ զորամիավորում ուղարկել Սիրիա: Նախկին իշխանություններին, ըստ Սանամյանի, հաջողվում էր խուսափել այդ քայլից: Բացի այդ, վերլուծաբանը հարցականի տակ է դնում Հայաստանի ռազմական ղեկավարության նախաձեռնությունը ռազմական ավիացիայի զարգացման հարցում եւ անարդյունավետ գնահատում ժամանակակից ռազմական օդանավեր ձեռք բերելու որոշումը:

Բանախոսներն անդրադարձան նաեւ Հայաստանի հետագա զարգացմանն ու այս ոլորտում սփյուռքի դերակատարությանը: Աֆթանդիլյանը համոզված է՝ գործող իշխանություններն աշխատում են այդ ուղղությամբ, սակայն անհրաժեշտ են նոր մոտեցումներ:

«Կառավարությունը պետք է ավելի ռազմավարական մոտեցում մշակի, թե ինչ է ուզում Սփյուռքից»,- ասում է Աֆթանդիլյանը:

Սանամյանի կարծիքով էլ, Հայաստանի զարգացումն ունի մի շարք խոչընդոտներ, ներառյալ երկրի փոքր չափսերն ու աշխարհագրական դիրքը, որոնք խափանում են ներդրումների ներհոսքը երկիր: Քաղաքական մեկնաբանը Հայաստանի զարգացման հարցում կարեւորում է այլ էթնիկ խմբերի ներգրավման անհրաժեշտությունը: