Գնահատում ենք աջակցությունը, որ ՀՀ-ի դժվարին օրերին ստացել ենք Սուրբ Աթոռից. Սարգսյանը՝ Հռոմի պապին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

52784.thumb_.jpeg

Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Հռոմի Սրբազան քահանայապետ, Նորին Սրբություն Ֆրանցիսկոս պապին։

Նամակում, մասնավորապես, ասված է․ «Որպես Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության առաջին դեսպան, հպարտության զգացում վերապրեցի օրերս Սանտա Մարիա Մաջորե պապական տաճարում մատուցված «Խաղաղություն Հայաստանին» Սուրբ պատարագի առիթով, որը նվիրված էր Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:

Չդադարող պատերազմների, պատուհասող աղետների, շարունակվող բռնությունների ու ողբերգությունների պայմաններում, երբ աշխարհում հանդուրժողականության ու խաղաղության կարիք կա, Սուրբ Աթոռից շարունակաբար հնչող խաղաղության ուղերձներն առավել քան արդիական են:

Դրանք շատ սրտամոտ են մեզ՝ հայերիս ու Հայաստանին, քանի որ մենք դեռևս ապրում ենք պատերազմի ողբերգական հետևանքների ու ցավի, տարածաշրջանային լարվածության ու հնարավոր մարտահրավերների պայմաններում։ Մենք հիշում և մեծապես գնահատում ենք այն աջակցությունը, որը Հայաստանի համար դժվարին օրերին ստացել ենք Ձերդ Սրբությունից ու Սուրբ Աթոռից...

Ինձ համար չափազանց հիշարժան են այցելություները Վատիկան և հանդիպումները Ձերդ Սրբության հետ: Մշտապես պատրաստ եմ ուժերիս ներածին չափով նպաստել մեր կապերի ամրապնդմանը և երկկողմ օրակարգը շարունակաբար հարստացնելուն»:

--00—ԶՀ