Բանակցություններից առաջ Փաշինյանի հնչեցրած կետերն արտացոլված չեն եզրափակիչ հայտարարության տեքստում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

01.thumb_.jpg

Շատերդ արդեն կարդացել եք Սոչիում կայացած եռակողմ բանակցությունների եզրափակիչ հայտարարության տեքստը, և փորձում եք վերլուծել, թե սա ինչ է նշանակում մեզ համար։ Թարմ հետքերով կիսվեմ իմ ընկալմամբ, միաժամանակ նշելով, որ դեռ ոչ բոլոր դետալներն են հայտնի, և ամեն ինչ չի միարժեք։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքական-հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը։

«Միարժեք է սակայն, որ բանակցությունները ցանկալի արդյունքի չեն բերել մեզ համար։ Այն կետերը, որոնք Նիկոլ Փաշինյանը հնչեցրեց բանակցություններից առաջ, փաստացի որևէ կերպ արտացոլված չեն եզրափակիչ հայտարարության մեջ, որը վկայում է ոչ միայն Փաշինյանի բանակցային դիրքի թուլության մասին (ինչն ի սկզբանե ակնհայտ էր), այլև Պուտինի անկարողության մասին՝ խաղաղ կարգավորման սեփական մոդելը Ալիևին պարտադրելու։ Սա ևս մասնակիորեն կանխատեսելի էր, հաշվի առնելով Ռուսաստանի ընդհանուր թուլությունը և նրա ուժերի ծայրահեղ գերլարումը՝ Ուկրաինայում ընթացող պատերազմի համատեքստում։

Մյուս կողմից, Ալիևը այս բանակցություններին եկել էր մաքսիմալիստական դիրքորոշմամբ, ըստ որի Արցախն այլևս գոյություն չունի, իսկ Հայաստանն էլ դեռ իրեն միջանցք է պարտք։ Եզրափակիչ հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ Ալիևը իր դիրքորոշումը մինչև վերջ փորձել է պնդել (օրինակ, հայտարարության տեքստում Լեռնային Ղարաբաղ բառն իսկ չկա), սակայն դրա հիման վրա կարգավորման վերջնական բանաձևի հասնել ևս չի կարողացել, ուստի կողմերը բավարարվել են այնպիսի հայտարարությամբ, որը փրկում է յուրաքանչյուրի դեմքը, սակայն փաստացի ոչ մի բանի նրանց չի պարտադրում։

Այս իրավիճակում, Ալիևը փորձելու է Հայաստանի և Արցախի վրա հավելյալ ճնշում գործադրել, չի բացառվում, որ նաև ռազմական ճանապարհով։ Ի տարբերություն նախորդ սրացման սակայն, այս անգամ նա կարող է ավելի կոշտ հակազդեցություն ստանալ թե Իրանից, և թե Ռուսաստանից, ուստի հաջողության հասնելու նրա շանսերը նվազել են, նաև հաշվի առնելով հայկական զինված ուժերի պատրաստվածությունը նոր հարվածին։ Ինչ վերաբերվում է Փաշինյանին, նա կարող է փորձել նորից Ալիևի հետ միասին տեղափոխել բանակցությունները Եվրոպա (ինչը կարող է հանգեցնել վիճակի էլ ավելի բարդացման), և կամ էլ փորձել օգտագործել ձեռք բերված կարճատև դադարը՝ Հայաստանի բանակցային դիրքերի հետագա բարելավման համար։

Անկեղծ ասած, շատ կուզենայի, որ երկրորդը տեղի ունենար, քանի որ ժամանակը վերջապես սկսել է մեր օգտին աշխատել՝ Արցախում բացառիկ միասնություն է ձեռք բերված, Հայաստանում բանակում վերջապես սկսել են, դեռևս փոքրիկ, բայց դրական փոփոխություններ տեղի ունենալ, Ադրբեջանի հեղինակությունը Եվրոպայում զգալի անկում է ապրել սեպտեմբերի այլանդակ ռազմական հանցագործություններից հետո, իսկ Էրդոգանն էլ աստիճանաբար խորասուզվելու է սեփական վերընտրությունը ապահովելու բարդ գործի մեջ՝ Թուրքիայում խորացող տնտեսական ճգնաժամի ֆոնի վրա։

Սակայն Փաշինյանը արդեն բազմիցս ցույց է տվել, որ նույնիսկ ամենաբարենպաստ իրավիճակներում ինքն անում է ուղիղ հակառակը, և իր ապաշնորհ գործողություններով ավելի է բարդացնում մեր վիճակը։ Ուստի այս անգամ մենք պետք է շատ ավելի նախանձախնդիր և հետևողական լինենք՝ պարտադրելու մեր շահերից բխող քայլերը՝ համահայկական մոբիլիզացիա, բանակի ամրապնդում և վերազինում, Հայաստանի տարածք ներխուժած թշնամական ստորաբաժանումներին ամենօրյա կոշտ հակազդեցություն, Ադրբեջանի ռազմական հանցագործությունների դատապարտում աշխարհով մեկ, Արցախի ինքնորոշման իրավունքի վերահաստատում, և այլն։

Գործողությունները հստակ են, մենք պետք է բոլոր հնարավոր ճանապարհներով դրանք իրականացնենք, հընթացս ճանապարհից վերացնելով բոլոր խանգարող գործոնները։ Այդ դեպքում, գուցե հաջորդ բանակցություններում արդեն ավելի բարենպաստ արդյունք արձանագրենք, իսկ գուցե նաև՝ դրանք արձանագրենք արդեն առանց Փաշինյանի, կամ նույնիսկ առանց Ալիևի»,-գրել է նա։

--00—ԶՀ