Տեր-Պետրոսյանն առանձնացրեց Փաշինյանին ու դրեց քաղաքական ջրբաժան

Ter-Petrsoyan-Pashinyan

Որքան էլ շատերը փորձում են Լևոն Տեր-Պետրոսյանի ու Նիկոլ Փաշինյանի քաղաքական մոտեցումները նույնացնել ու վերջինիս համարել առաջինի քաղաքական հետևորդը, այնուամենայնիվ,  տեղի են ունենում բացահայտ հրապարակումներ ու թաքնված ակնարկներ, որոնք միտված են ապացուցելու հակառակը։

Նախ, Լևոն Տեր-Պետրոսյանի հրակապակումը, որով ՀՀ առաջին նախագահն իրեն ու իր ղեկավարած ուժին հստակ բաժանեց Նիկոլ Փաշինյանից ու ներկայիս իշխանություններից։

Լևոն Տեր-Պետրոսյանը ոչ միշտ է հանդես գալիս պարզաբանմամբ ու ոչ միշտ է անդրադառնում իրեն վերաբերող հրապարակումներին կամ իրեն վերագրվող գործընթացներին։

Այն, որ այս անգամ հարկ առաջացավ անձամբ հերքել Նիկոլ Փաշինյանի իր քաղաքական հետևորդ լինելու մատուցվող տեսակետը, պատահական չէր։ Դա հստակ քաղաքական ուղերձ էր, հստակ քաղաքական գնահատական ու հստակ քաղաքական ջրբաժան։

Կարևոր է նաև շեշտադրումը, որ ապագայում ՀԱԿ-ը հնարավոր է դառնա ընդդիմություն գործող իշխանությանը։

Լևոն Տեր-Պետրոսյանի պարզաբանումներն այդ առումով վստահաբար կարելի է ասել, որ ուղղված էին ոչ միայն ներքին, այլև արտաքին լսարանին։ Դա քաղաքական մեսիջ էր միջազգային հանրությանն ու քաղաքական դերակատարում ունեցող կենտրոններին։

Այդ ամենին գումարենք նաև առաջին հայացքից ոչ կարևոր, սակայն իրականում խիստ էական հանգամանք։ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց առ այսօր, բացառությամբ Վլադիմիր Կարապետյանի, ՀԱԿ անդամներից որևէ մեկը չի նշանակվել ոչ մի պաշտոնի։

Լևոն Տեր-Պետրոսյանի ասածը, որ իրենք չեն մասնակցել Նիկոլ Փաշինյանի հաղթանակին, հետևաբար նաև չունեն ակնկալիքներ, ուժերի տարանջատմանը միտված քաղաքական հավելյալ փաստարկ է ու ոչինչ ավելին։

Որովհետև հաղթանակին չմասնակցելը դեռևս պատճառ չէ, կոնկրետ ոլորտներ ՀԱԿ-ին չվստահելու կամ օրենսդիր մարմնում մանդատներ չտրամադրելու համար։ Այսօրվա կառավարման օղակներում և ԱԺ-ում շատերը կան, որոնք նույնպես որևէ մասնակցություն չեն ունեցել նշված հաղթանակի արձանագրմանը։ Ավելին, կան բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք պաշտոնավարել են նաև Սերժ Սարգսյանի իշխանության օրոք։

Իսկ Վլադիմիր Կարապետյանի նշանակումը չի կարող համարվել առաջարկ ՀԱԿ-ին։ Նախ նշանակման հենց առաջին օրը Վլադիմիր Կարապետյանը դադարեցրեց իր անդամակցումը ՀԱԿ-ին, բացի այդ նա երբեք չի հանդիսացել ՀԱԿ առանցքային գործիչներից, չի հանդիսացել Տեր-Պետրոսյանի վաղեմի զինակիցը, հետևաբար չունի նաև վերջինիս նկատմամբ որևէ քաղաքական կամ բարոյական պարտավորվածություն։

Ավելին՝ Վլադիմիր Կարապետյանին դժվար է համարել նույնիսկ ՀԱԿ քաղաքական նոր սերնդի ներկայացուցիչներից, այն պատճառով, որ վերջինս 2008 թվականի համաժողովրդական շարժմանը միացավ Ռոբերտ Քոչարյանի վարչակազմից` հանդիսանալով  արտաքին գերատեսչության մամլո խոսնակը։

Չուշացավ նաև Նիկոլ Փաշինյանի պատասխանը Լևոն Տեր-Պետրոսյանին։ Մարտի 1-ին ընդունելով հանրային խորհրդի անդամներին, Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց Վազգեն Մանուկյանից, նրան համարելով ընտրակեղծիքների զոհ դարձաձ քաղաքական գործիչ։ Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Վազգեն Մանուկյանն իր ու իր ղեկավարած ուժի հանդեպ ընտրակեղծիքների գագաթնակետն է համարում 1996 թվականի նախագահի ընտրությունները։ Ըստ այդմ, համարելով Վազգեն Մանուկյանին ընտրակեղծիքների զոհ, ընդունում ես նաև 1996 թվականին իրականում հենց նրա ընտրվելը նախագահի պաշտոնում։

Բայց սա դեռ ամենը չէ։

«Ցավոք, Երրորդ Հանրապետության պատմության մեջ բացի թերևս առաջին նախագահական ընտրություններից և կարելի է վերապահում անել 1999-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, չնայած դրանք արդյունքները նույնպես բողոքարկվել են Սահմանադրական դատարանում, մնացած դեպքերում առնվազն իմ քաղաքական գնահատականն այնպիսին է, որ ընտրությունների արդյունքները կամ կեղծվել են, կամ ժողովրդի ազատ կամարտահայտման համար հնարավորություններ չեն ստեղծվել, կամ ավելի ճիշտ ամեն ինչ արվել է ժողովրդի ազատ կամարտահայտումն աղավաղելու համար», -ասում է Նիկոլ Փաշինյանը հանդիպման ժամանակ:

Եթե հաշվի առնենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանավարման ժամանակահատվածում եղել են երկու՝ 1995 թվականի ԱԺ և 1996 թվականի նախագահի համապետական ընտրություններ, հետևաբար սա ըստ էության քաղաքական գնահատական է Լևոն Տեր-Պետրոսյանի ողջ պաշտոնավարմանը, որովհետև 1991թվականի նախագահի ընտրություններն ընդամենը Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման սկիզբն էին ճիշտ այնպես, ինչպես 2018 թվականն է Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման սկիզբը։

Մի կողմ թողնենք նաև այն փաստը, որ քաղաքական գնահատական տալով Երրորդ Հանրապետության ողջ ընթացին, Նիկոլ Փաշինյանն իրեն է համարում Հայաստանի Հանրապետության ժողովրդավարության հիմնադիրը։

Գաղտնիք չէ, որ ՀՀ գրեթե բոլոր ընտրությունները ունեցել են լեգիտիմության լուրջ խնդիր, սակայն հիմքում ունենալով միայն մեկ համապետական ընտրություններ ու համարել, որ մենք արդեն ժողովրդավարական պետություն ենք, շատ հավակնոտ մոտեցում է։ Պատմությանը հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ պետությունը մաքուր ժողովրդավարական ճանապարհով, հայտնվել է բռնապետական ճիրաններում։

Ինչևէ, կարելի է եզրափակել այնպես, ինչպես սկսեցինք։ Որքան էլ շատերը փորձում են Լևոն Տեր-Պետրոսյանի ու Նիկոլ Փաշինյանի քաղաքական մոտեցումները նույնացնել ու վերջինիս համարել առաջինի քաղաքական հետևորդը, ակնհայտ է, որ մոտ ապագայում քաղաքական երկնակամարում կտեսնենք նոր ընդդիմադիր ուժ ի դեմս Հայ Ազգային Կոնգրեսի։

Արման Հակոբյան