Ռուսները չեն լքի Արցախը․ նրանք դժվարությամբ են մտնում ինչ-որ տարածք,առավել դժվարությամբ՝ դուրս գալիս

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

նկար

Ռուսական զորքերը, համենայնդեպս, տեսանելի ապագայում, չեն պատրաստվում լքել Արցախի տարածքը։ Այս մասին 24News-ին ասաց «Ցանցային հետազոտությունների ինստիտուտ» ՀԿ նախագահ, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի նախկին տնօրեն Գագիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի թեմայով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ 

Ըստ «Ցանցային հետազոտությունների ինստիտուտ»-ի նախագահ Գագիկ Հարությունյանի՝ ռուսները չեն լքի Արցախը․ «շատ լավ հասկանում են ինչն է խնդիրը՝ ի տարբերություն ՀՀ իշխանությունների»։ 

«Ռուսաստանը միևնույն ժամանակ չի պատրաստվում սրա վերաբերյալ հայտարարություններ անել, որովհետև դա կբերի ավելորդ բարդությունների ադրբեջանաթուրքական կողմի հետ, որի հետ նաև ինչ-որ խնդիրներ ունի։

Պետք է հիշենք մի բան․ ռուսները դժվարությամբ են մտնում ինչ-որ տարածք, բայց առավել դժվարությամբ դուրս են գալիս։ Ես համոզված եմ, որ ռուսական կողմը չի պատրաստվում դուրս գալ։ Ավելին, կան օսեթական, աբխազական, մոլդովական տարբերակներ․ դրանք վկայում են այն մասին, որ ղարաբաղյան հարցը կարող է լուծվել միայն ռուսական խաղաղապահների միջոցով։ Եվ դա այսօր արդեն իրագործվել է։ Նոր պլան չէ, որ պատահական որոշեցին տեղակայել խաղաղապահներին։ Նախօրոք որոշված գործողություն էր։ Եվ Արցախի, արցախահայության գոյության համար ռուսական խաղաղապահներն են միակ երաշխավորը», - պարզաբանեց Հարությունյանը։

«Վարչապետի պարտականությունները ժամանակավոր կատարողը փորձում է հարմարվել այն իրողություններին, որոնք անկախ իրենից կան», - հավելեց վերլուծաբանը։

Ինչ վերաբերում է ԼՂ-ի կարգավիճակի հարցի հստակեցմանը, ապա Գագիկ Հարությունյանն ասաց, որ այն կարող է ձգձգվել։

«Ինչպես որ ձգձգվում էր մինչ այս իրավիճակի ստեղծումը։ Օրինակ՝ նույն Դոնեցկի խնդիրը, որ սպասում էր մոտ 8 տարի, մինչև ռազմական գործողություններ եղան։ Եվ նկատեմ, որ Ռուսաստանը միակ պետությունն է, որ Թուրքիայի դեմ 13-14 պատերազմ է վարել։ Եվ նշեմ, որ միշտ այդ պատերազմներում թուրքերին այս կամ այն չափով օգնել են նույն ամերիկացիները, անգլիացիները, ֆրանսիացիները։ Այնպես որ, շատ բնական է, ինչպես որ կար Ղարաբաղը նախկինում, այնպես էլ կմնա՝ ուղղակի ռուսական երաշխիքների ներքո», - եզրափակեց Գագիկ Հարությունյանը։ 

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում 2023-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ վարչապետն ասել էր, որ ԼՂ-ի կարգավիճակի հարցը հետաձգելու՝ Ռուսաստանի Դաշնության առաջարկը 100 %-ով համապատասխանում է ՀՀ քաղաքականությանը։ 

Փաշինյանը նաև ասել էր, որ Սոչիում եռակողմ բանակցությունների ժամանակ Երևանն առաջարկել է ԼՂ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահների մանդատը անորոշ ժամանակով՝ 20 տարով, 15 տարով, 5 տարով, երկարացնելու վերաբերյալ որոշումը տեղում կայացնել։

«Մեր առաջարկն այս փուլում չընդունվեց, բայց պետք է արձանագրեմ, որ իմ ընկալմամբ հարցը դարձավ օրակարգային»,- նշել էր նա։

Սոչում հեկտեմբերի 31-ին կայացած եռակողմ հանդիպումից առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առանձնազրույցներ էր ունեցել Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Առանձնազրույցի ժամանակ Ալիևն ասել էր, որ ղարաբաղյան հակամարտությունն արդեն պատմություն է, այն լուծվել է 2 տարի առաջ։ Նոյեմբերի 1-ին «Պրիմակովյան ընթերցումներ» միջազգային ֆորումի բացման ելույթներից հետո՝ լրագրողների հետ զրույցում ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, վերահաստատելով ՌԴ-ի նախորդ հայտարարությունները, ասել էր, ԼՂ-ի կարգավիճակն այն հարցն է, որը պետք է թողնել հաջորդ սերունդներին, «երբ կձևավորվեն այս հարցին բոլորի համար ընդունելի արդար որոշման պայմանները»։

--00—ԼՄ